Տեխասում արդեն երկրորդ բուժաշխատողն է վարակվել Էբոլա վիրուսով

14:58 • 15.10.14

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Presbyterian Hospital-ի բուժաշխատողներից ևս մեկը վարակվել է Էբոլա վիրուսով, գրում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։ Հիվանդանոցի աշխատակցի թեստը դրական է եղել։

 

Ինչպես հայտնել են նահանգի առողջապահության վարչությունից, հիվանդանոցի աշխատակցի մոտ ախտանշաններն ի հայտ են եկել հոկտեմբերի 14-ին։

Վարչությունը պարզել է, թե ում հետ է վերջին շրջանում շփում ունեցել բուժաշխատողը և նրանց վերահսկողության տակ առել։

 

Այդ հիվանդանոցում հոկտեմբերի 8-ին մահացել էր 42-ամյա Թոմաս Էրիկ Դունկանը, ով ԱՄՆ-ում Էբոլայով հիվանդ առաջին մարդն էր։

 

Նույն հիվանդանոցում առաջին բուժաշխատողի վարակվելու մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 12-ին. նա Դունկանին խնամած 26-ամյա բուժքույր Նինա Ֆեմն է։ Մասնագետները նշում են, որ նա չի կարողացել ճիշտ կերպով պահպանել հիգիենայի կանոնները և վարակվել է Դունկանից։