Ֆուտբոլային հանդիպումը տապալելու համար ձերբակալված Ալբանիայի վարչապետի եղբորը վտարել են Սերբիայից (տեսանյութ)
Սերբիայի մայրաքաղաքում անցկացված Սերբիայի և Ալբանիայի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղը տապալելու համար ձերբակալվել է Ալբանիայի վարչապետի եղբայրը՝ Օլսի Ռաման, որից հետո վտարվել Տիրանա: Այդ մասին Tanjug սերբական գործակալությանը հայտնի է դարձել երկրի ներքին գործերի նախարարության աղբյուրից, գրում է lenta.ru-ն:
Օլսի Ռաման երեք հայրենակիցների հետ ոստիկանական բաժանմունքում է մնացել մոտ 40 րոպե, ինչից հետո տեղափոխվել է օդանավակայան: Ոստիկանությունը չի կարողացել ձերբակալել նրան երկար ժամկետով փաստաբանների գործադուլի պատճառով:
Օլսի Ռաման ձերբակալվել է Բելգրադի «Պարտիզան» մարզադաշտի VIP սրահում 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում անցկացվող խաղը դադարեցնելուց հետո: Ոստիկանության վարկածով՝ նա ալբանական դրոշով անօդաչու սարք է բաց թողել, որն այնուհետ պոկել է սերբ հարձակվողը, ինչը հանգեցրել է երկու թիմերի խաղացողների միջև ծեծկռտուքի:










