Ներքին խնդիրները չեն կարող լուծվել ԵՏՄ-ի հետ համագործակցությունից դուրս. Բորիս Նավասարդյան

11:47 • 15.10.14

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը երկրի քաղաքական կյանքը երկու հանգամանքներով է պայմանավորում. առաջինը ԵՏՄ-ին անդամակցումն է, երկրորդը՝ իրեն ոչ իշխանական քաղաքական ուժեր անվանող ընդդիմության արշավն է և մտադրությունը՝ շարունակելու այդ բողոքի ակցիաները:


«Այդ երկու հանգամանքները չեն կարող կապված չլինել իրար հետ: Ինչքան էլ հարցը դրվի սոցիալական խնդիրների լուծման և այլ ներքին մարտահրավերների մասով, դրանք չեն կարող լուծվել Եվրասիական տնտեսական համագործակցությունից դուրս»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ հավելելով, որ ԵՏՄ-ի հետ համաձայնագրի վավերացումը փաստորեն տեղի ունեցավ վերջին պահին և տեղի ունեցավ շնորհիվ նրա, որ Ռուսաստանը զիջեց Բելառուսին:


Ըստ նրա՝ պարզ է, որ Հայաստանն արդեն երկար տարիներ իր օրենսդրական դաշտը կառուցում է մեկ մոդելի շրջանակներում. «Սակայն այսօր կանգնած ենք մի խնդրի առջև, որ այդ բարեփոխումները պետք է շրջենք այլ ուղղությամբ: Միայն այն դեպքում կարելի է լուրջ ընդունել ներքին քաղաքական գործընթացը, եթե այն կրողները դրա մասին խոսեն»:

 


Ինչ վերաբերում է եռյակի նախաձեռնած հանրահավաքին, ապա բանախոսը նկատեց. «Ասել, որ այդ բանակը հանրահավաքի մասնակիցների համակիրներն են, շատ դժվար է: Եթե նախորդ տարիների բողոքի ակցիաների ժամանակ տեսնում էինք, որ քաղաքացիները տպավորվում են, այս անգամ դա չկա»: