Հայաստանում կրոնական վերահսկողություն կա գիտության ոլորտում, որը տանում է դեպի միջնադար. քննարկում

14:04 • 15.10.14

Եթե Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցում, որոնք որպես կանոն, նաև կրոնական փոքրամասնություններ են, ամեն ինչ կարգին է, ապա Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների՝ ազգությամբ հայ անդամների հարցում խնդիր կա՝ միտում, որը տանում է դեպի միջնադար: Այս մասին «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» թեմայով ասուլիսին հայտարարեց Religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը:


Վերջինիս խոսքով՝ կրթության աշխարհիկության սկզբունքի ոտնահարումը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, գնալով ավելի վտանգավոր զարգացում է ապրում և ներթափանցում արդեն դպրոց, պետական ծառայության ու ուժային կառույցների ոլորտներ: Այլ խոսքով՝ այլ եկեղեցիների հետևորդներն աշխատանքից ազատվում են ըստ իրենց կրոնական պատկանելության:


«Եվ սա արդեն ներթափանցում է գիտական ոլորտ: Պատահական չէ, որ երեք հոգևորականներ դարձան Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ, պատվավոր դոկտորների կոչումներ ստացան: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ տենդենցը տանում է նրան, որ արդեն հասարակական ոլորտում եկեղեցական վերահսկողություն կարող է սկսվել: Այսինքն՝ պատմության կամ այլ ոլորտներում կրթության՝ արդեն գիտական դիսերտեցիաների վերաբերյալ եկեղեցին արդեն իր կարծիքն է հայտնում: Սա շատ վտանգավոր տենդենց է ու տանում է միջնադար»,- նկատեց Ստեփան Դանիելյանը:


Նա բերեց աշխատանքից ազատված մի քանի ուսուցիչների օրինակներ,որոնք, ըստ նրա՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարության համաձայն՝ ազատվել են աշխատանքից դասի ժամանակ քարոզչությամբ զբաղվելու համար, սակայն, երբ նամակ է գրվել՝ պահանջելով ներկայացնել փաստեր ու ապացույցներ, կրթության նախարարը հրաժարվում է պատասխանել, ասում է՝ տեղյակ չեմ, չնայած մինչ այդ նրա արած հայտարարություններին:


Հիմա այդ գործը գտնվում է դատարանում, և պահանջն այն է, որ կա՛մ նախարարը հերքի իր հայտարարությունը, կա՛մ հիմնավորի, թե ինչի՞ համար է ուսուցիչը ազատվել աշխատանքից: Այսինքն՝ ազատվել է զուտ այլ կրոնական կազմակերպության անդամ լինելու, այլ ոչ թե դպրոցում քարոզելու համար:


Այնուամենայնիվ, բանախոսը նշեց, որ Սիրիայի, Իրաքի, Վրաստանի, Ադրբեջանի և անգամ Իրանի հետ համեմատած այս իմաստով մեզ մոտ իրադրությունը լավ է, և դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում չկա ազգային փոքրամասնության մեծ համայնք:

Կրթության հարցերով փորձագետ, մանկավարժ Արմինե Դավթյանը ներկայացրեց, թե աշխարհում և Հայաստանում որքանո՞վ է պահպանվում կրթության աշխարհիկության սկզբունքը, որը ներմուծվել է դեռ միջնադարից: Եվ նույնիսկ մահմեդական երկրների մեծ մասում, չհաշված մի քանի կրոնապետություններ,այս սկզբունքը ընկած է այդ մահմեդական երկրների ու օրենքների հիմքում:


«Մեր երկիրն այս առումով բացառություն չէ, բայց դա արդեն իսկ խախտվեց 2007-ին, երբ Սահմանադրության մեջ ավելացվեցին կետեր, նաև Կրթության մասին օրենքում, որոնք որոշակի արտոնություններ սահմանեցին Հայաստանեայց առաքելական եկեղեցու համար՝ դնելով նրան մենաշնորհային դիրքում»,- նկատեց կրթության հարցով փորձագետը:


Նա Սահմանադրությունից ներկայացրեց համապատասխան կետը, ըստ որի՝ Հայ առաքելական եկեղեցին, որն ունի ազգային նշանակության դերակատարություն, իրավունք ունի գործունեություն սահմանել իր միապետության սահմաններում: Այսինքն՝ հստակ սահմանված է, թե մինչև որտեղ եկեղեցին իրավունք ունի գործունեություն ծավալվելու, ի հեճուկս «Կրթության մասին» օրենքին, որով Հայ առաքելական եկեղեցուն շնորհվել է հանրակրթական դպրոցներում կրթական գործունեություն իրականացնելու իրավասություն:


Ըստ Արմինե Դավթյանի՝ կա հստակ եզրագիծ, որն առաջադրվել, հիմնավորվել է գիտական տեսությունների միջոցով իր իսկ գիտական թեզի շրջանակներում, որը, սակայն, չի ընդունվել Հայ առաքելական եկեղեցու և Մանկավարժական ինստիտուտի գիտխորհդի կողմից: Դա քրիստոնեական բարոյական արժեքային համակարգի ձևավորումնն է և գեղագիտական ու մտավոր արժեքների ձևավորումը քրիստոնեության հիմքի վրա: Այսինքն՝ առաջարկվում է դնել ոչ թե կրոնական, այլ հոգևոր դաստիարակության խնդիր՝ չխախտելով ՀՀ Սահմանադրությունը: