Ռուսաստանում լյուքս դասի իրերի վաճառքն այս տարի կնվազի 18 տոկոսով. Wall Street Journal
Ռուսաստանում և Չինաստանում լյուքս դասի իրերի վաճառքներն անկում են գրանցում, գրում է gazeta.ru՝ հղում անելով The Wall Street Journal-ին, որն էլ վկայակոչում է Bain & Co.-ի հետազոտությունը: Փորձագետների գնահատականով՝ 2014 թվականին Չինաստանում վաճառքը կնվազի 2, իսկ Ռուսաստանում՝ 18 տոկոսով:
Ինչպես պնդում են մասնագետները, առաջին դեպքում նվազման պատճառ կդառնան ձեռնարկված խիստ տնտեսական միջոցները, իսկ երկրորդ դեպքում՝ ուկրաինական ճգնաժամի հետևանքները: Եթե կանխատեսումը հաստատվի, ապա Չինաստանի համար դա կլինի 10-ից ավելի տարիների ընթացքում շքեղ ապրանքների վաճառքի առաջին նվազումը, նշում է թերթը:
Ինչ վերաբերում է լյուքս դասի իրերի համաշխարհային վաճառքներին, ապա այս տարի դրանց ծավալը կաճի 2 տոկոսով՝ մինչև 223 միլիարդ եվրո, կարծում են Bain & Co.-ում:
Իր հերթին Global Blue ընկերությունում, որն ուսումնասիրում է օտարերկրացի զբոսաշրջիկների շոփինգը, հաշվել են, որ 2014 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ռուսները Բրիտանիայում ծախսել են 23 տոկոսով ավելի քիչ, քան 2013 թվականին, իսկ Գերմանիայում՝ 11 տոկոսով քիչ: Global Blue-ի գնահատականներով՝ 2015 թվականին ռուսները կշարունակեն կրճատել իրենց ծախսերը Եվրոպայում:










