Ռուսաստանը 2 մլրդ դոլար է կորցնում նավթի գնի անկման դեպքում յուրաքանչյուր դոլարի դիմաց

15:07 • 15.10.14

Ռուսաստանի բյուջեն մոտ 80 միլիարդ ռուբլի (2 միլիարդ դոլար) է կորցնում նավթի գնի անկման դեպքում յուրաքանչյուր դոլարի դիմաց: Այդ մասին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական պլանավորման բաժնի ղեկավար Մաքսիմ Օրեշկինը, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Bloomberg-ին:

 

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, Brent նավթի գներն ընկել են 1,4 տոկոսով՝ մինչև մեկ բարելի համար 83,86 դոլար, մինչդեռ այդ ցուցանիշը երեքշաբթի կանգնել էր մեկ բարելի համար 85,04 դոլարի ցուցանիշի վրա՝ հասնելով չորս տարվա նվազագույն ցուցանիշին: Այդկերպ, ռուսական բյուջեն նավթի գնի անկման ընթացքում կորցրել է օրական 2 միլիարդ դոլարից ավելի:

 

Brent-ի գներն ընկել են ավելի քան 20 տոկոսով հունիսի առավելագույնից, ինչը նվազեցրել է միլիարդավոր դոլարների ռուսական ամենաարժեքավոր արտահանումից հարկային եկամուտները, նշում է գործակալությունը: Сбербанк-ի կանխատեսումներով՝ ՌԴ բյուջեն դեֆիցիտի մեջ կհայտնվի հաջորդ տարի, եթե նավթը բարելի համար 104 դոլարից պակաս արժենա: