ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այցելության առաջին կանգառը Սպիտակ քաղաքում գտնվող «Վարպետաց թաղամասն» էր, որտեղ նախարարը ծանոթացել է սոցիալական բնակարանների պայմաններին, խոսել է բնակիչների հետ, արձանագրված խնդիրների վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Մարզկենտրոն Վանաձորում նախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ միասին հանդիպել է սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման և հզորացման անհրաժեշտությունը, ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ կարևորելով երեխայի խնամքի կազմակերպման սկզբունքը: Սոցիալական պաշտպանության առումով նախարարը կարևորել է մի քանի ուղղություններ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը և զբաղվածության ոլորտում իրականացվող քաղաքականության բարեփոխումները, զարգացման ակտիվ ծրագրերի արդյունավետությունը և ծրագրերի հետ կապված խնդիրները: Մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ զարգացման ակտիվ ծրագրերի լայն իրազեկման և խնդիրների վերհանման հետ կապված առաջարկել է Զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների հետ առաջիկա մարզխորհրդի նիստում քննարկում կազմակերպել:
Այցի շրջանակներում Վանաձորի Ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովի նիստ, որտեղ նախարարն անդրադարձել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերին: Նիստի ավարտին նախարարը անկոտրում ոգու և կամային բարձր հատկանիշների համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով է պարգևատրել խուլ ու համրերի ըմբշամարտի հունա-հռոմեական ոճում երիտասարդների աշխարհի չեմպիոն Սարկիս Ավետիսյանին:
Նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակության վերջին 2 կանգառները Վանաձորի մանկատունն ու Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունն էր: Վանաձորի մանկատան տնօրենը նախարարին ներկայացրել է մանկատան պայմանները, մանկատան տարածքում գործող կարի և մեքենաների վերանորոգման արհեստանոցները, որտեղ երեխաները հաճախում և ձեռք են բերում հմտություններ:
Մանկատանը կազմակերպվել է նաև փոքրիկ համերգ, որի ընթացքում մանկատան երեխաները ներկայացրել են ազգային, դասական և արտասահմանյան պարեր՝ մեծ ոգևորություն պարգևելով նախարարին և ներկա հյուրերին:
Իսկ թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում պատվիրակությանը դիմավորել են հաստատության հիմնով, որը գրել և երգում էին հաստատությունում ժամանակավոր խնամք ստացող երեխաները: Այստեղ նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, շփվել երեխաների հետ:
«Լոռու մարզում ունենք կայացած սոցիալական համագործակցության ինստիտուտ, և, սոցիալական ծառայությունները առավել հասանելի ու մատչելի դարձնելու նպատակով, պետք է կարողանանք պետական միջոցներով իրականացվող ծրագրերը համադրելի դարձնենք տեղական իշխանությունների նախաձեռնություններին»-,ամփոփելով աշխատանքային այցը Լոռու մարզ՝ ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:










