U2-ի առաջատարը ներողություն է խնդրել Apple-ի օգտատերերից iTunes-ում անվճար իր ալբոմը ներբեռնելու համար
Իռլանդական U2 ռոք խմբի առաջնորդ Դևիդ Հյուսոնը, ով հայտնի է նաև Բոնո անունով, ներողություն է խնդրել Apple սարքերի երաժշտական գրադարաններում «Songs of Innocence» ալբոմն ավելացնելու համար: Դա տեղի է ունեցել տեսահարցազրույցի ընթացքում, երբ խմբի անդամները պատասխանել են Facebook-ի օգտատերերի հարցերին, գրում է Interfax.ru-ն:
«Չէի՞ք կարող այլևս չթողարկել iTunes-ում ալբոմներ, որոնք ավտոմատ կերպով ներբեռնվում են փլեյլիսթերի մեջ: Դա իսկապես անքաղաքավարի է»,- հարցը տվել է օգտատերերից մեկը:
Ի պատասխան երաժիշտը ներողություն է խնդրել՝ նշելով, որ իրենք «իսկապես չափերը փոքր-ինչ անցել են»:
«Songs of Innocence» ալբոմի ավելացումը փլեյլիսթերում շատ օգտատերերի մոտ վրդովմունք է առաջացրել, ինչից հետո Apple-ը ստիպված է հատուկ գործիք թողարկել, որը թույլ կտա հեշտորեն հեռացնել ալբոմը:










