Ջեյմս Ուորլիքը չի մասնակցի ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի կարողանա մասնակցել համանախագահների տարածաշրջանային այցին: Այդ մասին նա հայտնել է Twitter սոցցանցի իր էջում:
Նա, մասնավորապես, գրել է. «Անձնական պատճառներով ես չեմ կարող միանալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքվում և Երևանում: Հաջողություն եմ մաղթում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում»:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այն մասին, որ Ուորլիքն անձնական պատճառներով չի կարողացել ժամանել Ադրբեջան, հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից:
«Նա անձնական պատճառներով չի կարողացել միանալ իր գործընկերներին: Չնայած դրան` ԱՄՆ կողմը ներկայացված է ադրբեջանական կառավարության հետ հանդիպումներում: Դեսպան Ուորլիքը հավատում է իր գործընկերների այցի արդյունավետությանը, ինչպես նաև անհամբեր սպասում է Փարիզում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը»,- նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը և Պյեր Անդրիոն արդեն Բաքվում են: Համանախագահների այցը տարածաշրջան կտևի մինչև հոկտեմբերի 18-ը:










