Հանցագործության աճի տեմպերի նվազման միտում է նկատվում. փոխոստիկանապետ
Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2014 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները՝ հայտնելով, որ գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն ավելացել է 302 դեպքով, բայց նկատվում է հանցագործության աճի տեմպերի նվազման միտում:
«Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու և մի շարք այլ դեպքերը: Աճել են հանցագործությունները բնակարանային գողության, կողոպուտի դեպքեր: Մեկ դրական միտում կա` նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը: 5,2 տոկոսով աճել է առանձնապես ծանր հանցագործության բացահայտումների արդյունավետության թիվը: Շուրջ կիսով չափ նվազել են հասարակական վայրերում կատարված դեպքերը»,- ներկայացրեց փոխոստիկանապետը:
Նա նաև տեղեկացրեց, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է ծառայողական քննություն 1190 ոստիկանության ծառայող: Սա 90 դեպքով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դատարան է ուղարկվել 19 գործ 11 անձի նկատմամբ: 9 ամիսների ընթացքում դատապարտվել է 21 անձ:
Ոստիկանությունում նոր նշանակումների մասով փոխոստիկանապետը նշեց, որ այդպիսիք չեն բացառում: Նրա խոսքով՝ Ոստիկանությունում վարվող կադրային քաղաքականությունը բաց և թափանցիկ է, իսկ ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի նոր անդամներ նշանակելուն, Հունան Պողոսյանն ավելացրեց, որ Կոմիտեի ղեկավարը, բնականաբար, նոր կադրեր պետք է ընտրի:
Անդրադառնալով Իջևանի ոստիկանապետի ձերբակալմանը՝ փոխոստիկանապետը նշեց, որ ցավով են արձանագրել այդ դեպքը, քանի որ ոստիկանապետն իրեց գործընկերն է:










