ԵՏՄ-ն զուտ տնտեսական միություն է, չեմ կարծում, թե գրաքննություն կսկսվի. Ալ. Իսկանդարյան
Թեև շատերը համեմատություն են անցկացնում Սովետական միության և Եվրասիական տնտեսական միության միջև, սակայն ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Հայաստանին ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գրաքննության գործընթացի վերսկսում չի սպասվում, քանի որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական միություն է:
«Ճիշտ է, իրականում այս ամենում կա նաև քաղաքական կողմ, բայց այն կապված է արտաքին քաղաքականության հետ, ոչ թե ներքին, և անդամակցող մյուս երկրները որևէ մոտիվացիա չունեն ազդելու, Հայաստանում գրաքննություն անցկացնելու համար»,-ասաց նա:
Հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ հայկական դպրոցներում ներմուծվեն, օրինակ, Ղազախստանի կամ Բելառուսի պատմություն առարկաները, պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման բան կլինի, թեև այլ երկրների պատմությունների մասին մի քիչ դասավանդումը լավ կլիներ, բայց որ լրջությամբ ուսումնասիրեն պատմությունները միայն նրա համար, որ մենք միևնույն տնտեսական կառույցի մեջ են, չեմ կարծում: Մենք մինչ այժմ եղել ենք ԱՊՀ անդամ, բայց չնայած դրան՝ չգիտենք օրինակ Թուրքմենստանի պատմությունը, ՀԱՊԿ-ի անդամակցության շրջանակում Ղրղզստանի պատմությունը չենք ուսումնասիրել, և ի՞նչ. հիմա լինելով ԵՏՄ-ի անդամ՝ պետք է սովորենք Ղազախստանի՞ պատմությունը, ես սա դժվար եմ պատկերացնում»:
Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց, որ ներկայումս Հայաստանը կրթական ոլորտում համագործակցում է այլ երկրների հետ։
«Մենք համագործակցում ենք տարբեր համալսարանների հետ, բայց չեմ կարծում, որ պարտադրանք լինի… Սովետական միությունը վերականգնելը անհնարին բան է, բայց նաև Սովետական միությունը հայհոյանք չէ, դա կոնկրետ երկիր էր, որը գոյություն է ունեցել կոնկրետ քաղաքական իրավիճակում»,-ասաց նա:










