Չեխական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը

10:54 • 16.10.14

Չեխական հեղինակավոր IDnes.cz («Այսօր») համացանցային
պարբերականում հայտնի լրագրող Աննա Բարոխովան ս.թ. հոկտեմբերի 13-ին
հրապարակել է«Իսլամիստները ոչնչացրել են Հայոց ցեղասպանության
եկեղեցի-հուշահամալիրը, քանի որ այն չէր համապատասխանում իրենց կրոնին» հոդվածը (ստորև ներկայացվում է թարգմանաբար), որում մտահոգություն է
հայտնել Դեր Զորի Սուրբ Նահատակած եկեղեցու ավիրման առթիվ:

Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին, հղումներ զետեղելով այս
թեմայով նախկինում եղած հրապարակումներին: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին,
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ, այս
բարբարոսությունը խստորեն դատապարտվել է Չեխիայի հոգևոր առաջնորդ,
Պրահայի Արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկայի կողմից:

Սեպտեմբերի 27-ին Բռնոյի Տոմաշ Մասարիկի համալսարանի դասախոս, քաղաքագետ Տոմաշ Շմիդը հեղինակավոր «Lidové noviny» («Ժողովրդական լուրեր») օրաթերթում «Ուրիշ իսլամ. այն, որը մեզ համար վտանգավոր է՚՚ վերնագրով համանման
հոդված է հրատարակել:


*********************


Իսլամիստները ոչնչացրել են Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը,
քանի որ այն չէր համապատասխանում իրենց կրոնին


Իսլամական ծայրահեղականներն անցած ամիս ոչնչացրել են քրիստոնեական
եկեղեցի-հուշահամալիրը Սիրիայի Դեյր Զորում, որը սրբավայր էր հայերի
համար: Այդ եկեղեցի-հուշահամալիրի բակում գտնվում էին Հայոց
Ցեղասպանության նահատակների մասունքները: Ծայրահեղականներն իրենց
արարմունքն արդարացնում են այն իսլամին դեմ լինելու հանգամանքով:

BBC-ի տեղեկացմամբ, ծայրահեղականները նշել են, որ հուշ և գերեզման
պաշտելը իսլամին դեմ է: Իսլամիստ զինյալները խոստացել են, որ այդպիսի
հուշահամալիրներն այլևս պետք է ոչնչացվեն: Գրեթե վերջին մեկ ամսվա
ընթացքում ավիրվել են մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների մի շարք
հուշարձաններ:

Դեյր Զորում սեպտեմբերի վերջին ծայրահեղականների կողմից ոչնչացված
քրիստոնեական եկեղեցին հայկական համայնքի համար ուներ հատուկ
նշանակություն: Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանության հուշահամալիրն է,
որտեղ գտնվում էին Հայոց ցեղասպանության նահատակների մասունքները:
Սեպտեմբերի 21-ից սոցիալական ցանցում արդեն տեղադրվել էին ավերված
եկեղեցու մի շարք լուսանկարներ:


Այդ եկեղեցին գործում է նաև որպես գերեզմանատուն, ինչպես նաև
քրիստոնյաների հավաքույթի կենտրոն թե՛ Սիրիայի, թե՛ Լիբանանի քրիստոնյաների
համար: 2002 թվականից սկսած ապրիլի 24-ին երթեր էին կազմակերպվում դեպի
այդ եկեղեցի: Այդ հուշահամալիրի տարածքում թաղված են ավելի քան 1 միլիոն
հայկական և ասորեական քրիստոնյաներ, որոնք սպանվել են թուրք
մահմեդականների կողմից:


«Այդ վայրը հայերի համար ունի մոտավորապես այն նշանակությունը, ինչ
Օսվենցիմը՝ հրեաների համար» – գրել է «Ժողովրդական լուրեր» թերթի իր
մեկնաբանությունում քաղաքագետ Տոմաշ Շմիդը:


Հուշահամալիրի ոչնչացումը մեծ արձագանք չգտավ: Կատարվածի մասին իր
քննադատությունը հայտնեց միայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Նա
նշեց. «Ես դատապարտում եմ հայերի համար մեծ արժեք ունեցող հայկական
եկեղեցու ոչնչացումը Դեյր Զորում, քանի որ Ֆրանսիան ընդունում է բոլոր
կրոնները և հարգում հոգևոր արժեքները: Բոլոր հուշահամալիրները պետք է
զերծ նման հարձակումներից»,- մեջբերել է Արմենպրեսը:

Ավելի ուշ արձագանքել է նաև Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գրասենյակը
(OHCHR): «Մենք դատապարտում ենք եկեղեցու և եկեղեցական այլ կրոնական
հաստատությունների ոչնչացումը: Կրոնական հաստատությունները հատուկ
պաշտպանության տակ են առնված միջազգային մարդասիրական օրենքով և պետք է
հարգվեն ու պաշտպանվեն բոլորի կողմից»,- ասված է հոկտեմբերի սկզբին
ՄԱԿ-ի իրավունքների հարցերով գրասենյակի խոսնակ Ռուպերտ Քոլվիլի
հայտարարության մեջ: Նա նաև ավելացրեց, որ Սիրիայի ղեկավարությունը
վերջին շրջանում ևս հարգանք չի տածում հուշարձանների նկատմամբ, և դրա
վառ օրինակներն են վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչնչացված մի շարք
պատմական և հնեաբանական հուշահամալիրներ: