Չնախատեսված բան եթե լինի, մենք էլ չնախատեսված գործողություններ ենք անելու. փոխոստիկանապետը՝ հանրահավաքների մասին

15:22 • 16.10.14

Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն այսօր կայացած ասուլիսին անդրադարձավ երկրում տեղի ունեցող հանրահավաքների հարցին՝ հայտարարելով, որ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է. «Չնախատեսված բան եթե լինի, մենք էլ չնախատեսված գործողություններ ենք անելու: Բոլոր գործողությունները օրենքով նախատեսված, օրենքի սահմաններում են լինելու»:


Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերի կազմակերպած հանրահավաքներին, փոխոստիկանապետն ասաց, որ ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, որ ՀՀ-ում հանրահավաքներ են անցկացվում:


Այն, որ մի քաղաքում հանրահավաք անցկացնելու ժամանակ այնտեղ են լինում նաև այլ քաղաքի ոստիկաններ, Հունան Պողոսյանը բնական գործընթաց համարեց՝ ասելով. «Ծառայություն կատարող մեքենաները կարող են ցանկացած տեղ լինել: Օրինակ՝ Սիսիանում կարող էր Գորիսից վերակարգեր ներգրավվել հասկանալի պատճառով»:


Փոխոստիկանապետը նաև նշեց, որ մամուլի 100-ից ավել հրապարակումներ հիմք են հանդիսացել քրեական գործերի հարուցման համար: