ԱՄՆ-ում բանկի աշխատակիցը ղեկավարին ու ևս 200.000 մարդու նամակ է գրել՝ խնդրելով բարձրացնել աշխատավարձը

09:24 • 16.10.14

Wells Fargo բանկի աշխատակից Թիրել Օատեսը երկու շաբաթ է ծախսել՝ հավաքելով բանկի աշխատակիցների 200.000 էլեկտրոնային հասցեները: Նա այնուհետ նրանց է ուղարկել Wells Fargo-ի ղեկավար Ջոն Ստամֆին ուղղված նամակը, որտեղ խնդրում է լուծել ԱՄՆ-ում աշխատավարձի անհավասարության հարցը, հաղորդում է BBC-ն:

 

«Ես առաջարկում եմ վերցնել տարեկան Wells Fargo-ի եկամտի մի փոքր հատվածը՝ 3 միլիարդ դոլար, և բարձրացնել յուրաքանչյուր աշխատակցի տարեկան աշխատավարձը 10.000 դոլարով»,- գրել է նա նամակում, որն այնուհետ հրապարակել է Reddit կայքում:

 

Օատեսը դիմել է նաև իր աշխատակիցներին. «Ժամանակն է, որ մենք արդարացիորեն փոխհատուցում պահանջենք մեր կատարած ծանր աշխատանքի համար, և ընկերության հաջողության մեջ մեր խաղացած մեծ դերի համար»:

 

Այս նամակը Twitter-ում տարածվել է հազարավոր օգտատերերի կողմից և հայտնվել է The Washington Post-ի նման կայքերի ամենակարդացված բաժիններում:

 

Անցած տարի Wells Fargo-ի տնօրեն Ստամֆի աշխատավարձը կազմել է մոտ 19 միլիոն դոլար, որը, ինչպես Օատեսն է նշում, ավելին է, քան աշխատակիցների մեծ մասը կկարողանան աշխատել իրենց ողջ կյանքի ընթացքում: Ստամֆը չի պատասխանել նամակին, սակայն բանկի խոսնակը հայտարարել է, որ Wells Fargo-ի փոխհատուցումը «շուկայում մրցակցային է»: