Երևի առողջապահության նոր նախարարն այնքան էլ սովոր չէ հաշվի առնել մասնավոր ոլորտի միասնական կարծիքը. Ս. Զաքարյան

21:12 • 16.10.14

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ առողջապահության նախարարության կազմակերպված քննարկմանը իրեն չեն հրավիրել:


Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ևս մեկ անգամ տեղի է ունցել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջով նոյեմբերի 1-ից դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման նորմի կիրարկման հարցի քննարկում։


Սամվել Զաքարյանը նշեց, որ մինչ նոր նախարարի նշանակումը նախարարության կազմակերպած քննարկումներին միշտ ներկա է եղել, և իրենց կարծիքը հաշվի են առել, նոր նախարարի նշանակումից հետո ոչ մի անգամ հրավեր չի եղել:


«Երևի մեր նոր նախարարն այնքնան էլ սովոր չի հաշվի առնել մասնավոր ոլորտի միասնական կարծիքը: Եղել են քննարկումներ, երբ առանձին ներկայացուցիչներ են կանչել, այդ թվում նաև ինձ, սակայն երևի խուսափում են միասնական կարծիք լսելուց»,-ասաց նա:


Անդրադառնալով դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման նորմին` Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահն ասաց, որ իրենց մտահոգությունների վերաբերյալ դեռևս ոչ մի արձագանք չի եղել, սակայն իրենք շարունակելու են բարձրաձայնել այդ հարցը: