EITI-ն Ադրբեջանին ժամանակ է տվել քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումը դադարեցնելու համար

16:07 • 16.10.14

Բիրմայում նախօրեին տեղի ունեցած Հանքարդյունահանման ոլորտի թափանցիկություն նախաձեռնության (EITI) վարչության նիստի ժամանակ Ադրբեջանի վերաբերյալ որոշում է կայացվել, հաղորդում է contact.az-ը:

 

Մասնավորապես՝ որոշվել է թափանցիկության այդ միջազգային կառույցի շրջանակներում Ադրբեջանի պարտավորությունների իրականացման մոնիթորինգ իրականացնել:

 

«Վարչությունը մտահոգություն է հայտնում և հուսով է, որ Ադրբեջանում մեծ հնարավորություններ կստեղծվեն քաղաքացիական հասարակության համար, երկիրը ներդրում կունենա EITI-ի չափանիշների իրականացման գործում»,- ասված է EITI-ի ղեկավար Քլեր Շորթի հայտարարության մեջ:

 

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հոկտեմբերի 15-ի իր հայտարարության մեջ նշում է, որ «թափանցիկության միջազգային կառույցի նախազգուշացումը խթան է հանդիսանում ադրբեջանցի ակտիվիստների գործունեության համար պայմաններ ստեղծելու առումով»:

 

Բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով HRW-ի հետազոտող Լիզա Միսոլը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանը հպարտանում է այդ միջազգային կոալիցիային իր անդամակցությամբ: Կոալիցիան էլ այժմ առաջարկում է վերացնել թերությունները: Կառավարությունը պետք է կամ կարևոր բարեփոխումներ իրականացնի թափանցիկության տվյալ կառույցի առաջ ունեցած պարտավորությունները կատարելու համար, կամ պատրաստ լինի հետևանքների»: