Ադրբեջանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարել ԱՄՆ պետդեպի՝ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերը

18:00 • 16.10.14

Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի մշտական փորձերն անթույլատրելի են, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը՝ ի պատասխան ԱՄՆ պետդեպի հայտարարության:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Գաջիևն ասել է, որ Ադրբեջանում լիովին պաշտպանված է օրենքի գերակայությունն ու դատաիրավական համակարգի անկախությունը:

 

«Նման անհիմն միջամտությունը հանդիսանում է օրենքի գերակայության և ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում: Մարդու իրավունքների հարցերը ներքաղաքական հարցերում գործիք դարձնելու փորձերը՝ քաղաքական ճնշում գործադրելու նպատակով, վաղուց արդեն կորցրել են իրենց կշիռը»,-ասել է նա՝ ԱՄՆ-ին կոչ անելով դրա փոխարեն ավելի շատ ուշադրություն դարձնել «ադրբեջանցի փախստականների և բռնի տեղահանվածների հարցերին»:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին կոչ էր արել Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին: Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ն անհանգստացած է, որ մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսը շարունակում է մնալ Ադրբեջանում նախնական կալանքի տակ՝ առանց անհրաժեշտ բժշկական օգնության հնարավորության՝ չնայած նրա վատթարացող առողջական վիճակին: