Կառավարությունը մերժեց սահմանամերձ համայքներին որոշ հարկերից ազատելու ԲՀԿ-ականների նախագիծը

12:30 • 16.10.14

 

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ սահմանային գոտու համայնքներին հարկային արտոնություններ շնորհելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:


Օրենսդրական փաթեթով առաջարկվում էր սահմանային գոտու համայնքներին ազատել մի շարք հարկերից: Փաթեթի մաս էին կազմում «Սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:


Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ կառավարությունը կիսում է պատգամավորների մտահոգությունը՝ սահմանամերձ համայնքների սոցիալական խնդիրների լուծման հետ կապված, ուստի արդեն իսկ ԱԺ է ուղարկվել կառավարության հեղինակած փաթեթը սահմանամերձ համայնքների մասով:


Փոխնախարարի խոսքով՝ այս նախագծի ընդունումը կարող է հարկերից խուսափելու պատճառ դառնալ այլ համայնքների համար, որոնք սահմանամերձ չեն:


«Սա կարող է բերել հարկերի չարաշահման, ուստի առաջարկում ենք այն ձևակերպումները, որոնք տվել ենք կառավարության փաթեթում»,-ասաց նա՝ նկատի ունենալով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելիք՝ կառավարության հեղինակած օրենքների փաթեթը՝ սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների վերաբերյալ: