«50 հազար դրամ ստացող դերասանը չգիտի՝ ջո՞ւրը, լո՞ւյսը մուծի, թե՞ իր երեխային կոշիկ առնի». Լևս Դավթյան. Life.panorama.am
Մասնագիտական դժվարությունները մարդուն կոփում են՝ դարձնելով առավել նպատակասլաց, հանդուրժող և համբերատար: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակից Լևս Դավթյանն, անտեսելով դժվարությունները, դանդաղ, բայց հաստատուն քայլերով շարունակում է իր գործունեությունը: Ի դեպ, մեզ հետ զրույցում նա անկեղծացավ ոչ միայն գործնական, այլև անձնական մի շարք հարցերի շուրջ:
-Այսօր ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Գեղարվեստական նոր ֆիլմում նկարահանվեցի, որը կոչվում է «Ճամբարում» և արդեն կինոթատրոններում ցուցադրվում է: Դերասանուհի Անաիս Սարդարյանի հետ ներգրավված եմ ներկայացման մեջ: Ներկայացումն ուզում ենք խաղալ նաև մարզերում, եթե հաջողվի՝ նաև արտասահմանում: Փառատոնային ներկայացում է:
-Լևս, այսօր երիտասարդ դերասանների մի մասը, թեև բարձրաձայն խոսում է թատրոնի կարևորության ու արժեքի մասին, բայց ձգտում ունի դեպի էկրանը, սերիալը՝ ճանաչում ձեռք բերելու համար: Որքան նկատել եմ, դա Ձեր ոճը չէ, այո՞:
-Ճիշտ եք նկատել, որ դերասաններին այսօր համբավ է բերում թատրոնի մասին խոսելը: Բայց ամեն ինչ միայն խոսքով չի: Շատերին եմ տեսնում, որ ներկայացումից 5 րոպե առաջ վազքով գալիս են, փոխվում, դուրս գալիս բեմ ու մարդկանց <ճաշակ> թելադրում: Ես կարծում եմ լավ, որակյալ դերասան լինելու համար պետք է սկսել թատրոնից և ապրել այնտեղ: Արտասահմանում դերասանները բաժանվել են երկու խմբի. թատրոնի դերասաններ, որոնք չեն կարողանում կինոյում հաջողության հասնել, և կինոյի հանճարեղ դերասաններ, որոնք թատրոնում ձախողվում են: Իսկ մեր երկրում սովետական ավանդույթն է պահպանվել՝ դերասանը լավագույնը կոչվելու համար պետք է երկու տեղում էլ լավը լինի: Ես երիտասարդ եմ, բայց ինձ համար ամենից կարևորը թատրոնն է: Ես սիրում ու պաշտում եմ թատրոնը:
-Իսկ ինչո՞ւ պետական թատրոնում չեք աշխատում:
-Դա իր պատճառներն ունի… Երկու տարի Կապանի «Շիրվանզադեի» անվան թատրոնում աշխատել եմ: Բայց հիմա ցանկություն չունեմ պետական թատրոնում աշխատելու ու բեմական ծարավս հագեցնում եմ կոմերցիոն ներկայացումներով:
-Պատճառը թատրոնում ցածր աշխատավարձի առկայությո՞ւնն է, թե՞…
-Դա պատճառներից մեկն է… Մյուս պատճառն այն է, որ տեսնում եմ ինձ սերնդակից կամ ինձանից մի քիչ մեծ ինչ մարդիկ են թատրոններում, ու նույնիսկ չեմ էլ ուզում այդ թատրոնի կողմը գնալ: Բայց, իհարկե, դրան զուգահեռ կան նաև շատ լավ դերասաններ:
-Հանդիսատեսը միշտ թերությունները նկատում է… Թատրոնը՝ թատրոն, բայց այստեղ արհեստածին բաները չեն ողջունվում ու ծափահարվում:
-Գիտե՞ք, այսօր նկատող հանդիսատես շատ քիչ է մնացել… Հիմա ով ուզում, ներկայացում է բեմադրում՝ անկախ կրթությունից ու գիտելիքից: Ով պարապ է, ազատ, 2-3000 դոլար փող ունի՝ թատրոնի բիզնես է անում: Մարդիկ հիմա էժանագին բաների համար ավելի շատ են թատրոն գնում, տեսնում են այդ ներկայացումները և արդեն ուրիշ ներկայացման չեն ուզում գնալ: Իրենց մեջ դա է տպավորվում: Բայց հակառակ կողմն էլ կա, դերասանին էլ մեղադրել չի կարելի: Այդ մարդը գիտի՝ ամսվա վերջում ստանալու է 50.000 դրամ ու չգիտի՝ ջո՞ւրը, լո՞ւյսը մուծի, թե՞ իր երեխային կոշիկ առնի… Պատկերացնո՞ւմ եք այդ հոգեվիճակով բեմ բարձրացած մարդուն: Նա չի կարող կենտրոնանալ մի այսպիսի գործի վրա, որը ժամանակին աստվածային ու անհասանելի էր համարվում:
Շարունակությունը՝ այստեղ։










