Հռոմի պապը կվաճառի իր գլխարկը՝ գնչուներին օգնելու համար

15:05 • 16.10.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է աճուրդում վաճառել իր սպիտակ կլոր գլխարկներից մեկը՝ կարիքավոր գնչուներին օգնելու համար, գրում է Газета-ն։

 

Այդ որոշումը պոնտիֆիկոսը կայացրել է, երբ իրեն է դիմել Արգենտինայից Կառլոս Լունան, ով այժմ ապրում է Շվեդիայում։ Լունան ծանոթացել է Պապի հետ դեռևս նրա հայրենիքում՝ 1960-ականներին։

 

«Ես վրդովված եմ Շվեդիայում գնչուների վիճակով։ Ես ինքս քաղաքական ներգաղթյալ եմ, և գիտեմ, թե որքան դժվար է դա՝ լքել սեփական երկիրը։ Ես ցանկանում էի ինչ-որ կերպ օգնել գնչուներին այդ ծանր իրավիճակում, և դիմեցի Պապին՝ խնդրելով որևէ իր նվիրաբերել այդ նպատակով»,- ասել է Լունան։

 

Պոնտիֆիկոսի նվերը վաճառքի կհանի «Բուկովսկիս» աճուրդի տունը դեկտեմբերի 3-ին Ստոկհոլմում։ Սակայն հայտնի չէ, թե որքան կլինի նախնական արժեքը։

 

«Մեզ համար նման հանձնարարությունը մեծ պատիվ է։ Ու թեև մենք, իհարկե, դեռ չենք կարող ասել, թե որքանով կվաճառվի գլխարկը, փորձը ցույց է տալիս, որ եկեղեցու հետ կապված իրերը մեծ գումարներ են բերում»,- բացատրել է աճուրդի տան ներկայացուցիչ Անետ Գրանլունդը։