Սպիտակ տունը կցուցադրի հայ որբերի գորգը

12:44 • 16.10.14

Սպիտակ տունը չորեքշաբթի հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական գորգը ցուցադրման մի քանի տապալված փորձերից հետո նոյեմբերին կցուցադրվի Սպիտակ տան այցելուների կենտրոնում, գրում է Los Angeles Times-ը:

 

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ Կոնգրեսի և համայնքի կողմից ամիսներ տևած ճնշումներից հետո Սպիտակ տունը պատրաստվում է ցուցադրել հայ որբերի գորգը:

 

Գորգը՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4 000 000 ձեռագործ հանգույց է պարունակում, որոնք 10 ամսում գործել են Գազիրի որբանոցի հայ աղջիկները: Գորգը նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին՝ 1920-ականներին՝ ի նշան ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական աջակցության հանդեպ հայերի երախտիքի, ինչը փաստված է նաև լուսանկարով: Քուլիջն ընդգծել էր, որ «Գորգն իր պատվավոր տեղն ունի Սպիտակ տանը, որտեղ այն կխորհրդանշի բարի կամքի ամենօրյա դրսևորումը Երկրի վրա»:

 

«Գորգը Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև սերտ հարաբերությունների մասին հիշեցում է»,- ցուցահանդեսի մասին հայտարարության մեջ ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բերնադետ Միհանը:

 

2013 թվականին Սպիտակ տունն արգելափակել էր Սմիթսոնյան ինստիտուտում գորգը ցուցադրելու նախագիծը: Ամերիկահայ առաջնորդները և մի շարք ԱՄՆ սենատորներ առարկել էին որոշումը՝ ասելով, որ Սպիտակ տունը ենթարկվում է Թուրքիայի կառավարությունից եկող քաղաքական ճնշումներին:

 

Ինչպես նշում է Los Angeles Times-ը, ամերիկահայ համայնքը ողջունել է գորգը ցուցադրելու որոշումը:

 

«Ես հուզված եմ, որ այն շուտով ցուցադրության կհանվի»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով, որ նա կշարունակի պնդել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում՝ հատկապես ցեղասպանության 100-ամյակի լույսի ներքո: