ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը «Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում է կազմակերպել

22:19 • 16.10.14

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը կազմակերպել է «Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարի սկզբին ողջույնի խոսքով հանդես են եկել Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից` սեմինարի բանախոսներն էին Մալթայում և Ժնևում “DiploFoundation”-ի հանրային դիվանագիտության դասախոս, Միացյալ Թագավորության նախկին դիվանագետ Էլիզաբեթ Գալվեզը, Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի, Ինսբրուքի Մենեջմենթի կենտրոնի դասախոս, հաղորդակցության հմտությունների գծով անկախ խորհրդատու և Ավստրիայի նախկին դիվանագետ Գերլինդ Մանց-Քրիստը, ՀՀ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և “GK Brand Inc.” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վազգեն Քալաջյանը:

 

Հանդիպման նպատակն էր` փորձագիտական մակարդակով քննարկել հանրային դիվանագիտության` որպես դիվանագիտության առանցքային գործառույթներից մեկի դերը, դրսևորման և զարգացման ներկա միտումները և այլ երկրների փորձի լույսով անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող համապատասխան ռազմավարությանն ու կիրառվող մեթոդներին, ըստ անհրաժեշտության նաև ներկայացնել Հայաստանի ազգային բրենդի ստեղծման նոր առաջարկներ և գաղափարներ: Բանախոսների ելույթներին հաջորդել են հարցեր, ելույթներ մասնակիցների կողմից, ծավալվել է քննարկում:

 

Հանդիպմանը, որ կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության աջակցությամբ, մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ինչպես նաև ՀՀ այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: