Թուրքիան կոչ է անում համագործակցել ՌԴ-ի հետ Սիրիայի և Իրաքի հարցով

17:00 • 16.10.14

Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին և անհրաժեշտ է համարում համագործակցել Մոսկվայի հետ Սիրիայում և Իրաքում խնդիրների լուծման հարցով, եվրապատգամավորներին հայտարարել է ԵՄ-ի հարցով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքըրը, գրում է ria.ru-ն:

 

«Ես չեմ կարծում, որ պատժամիջոցները որևէ մի տեղ ինչ-որ արդյունք են տվել, դրանք արդյունք չեն տվել Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Իրանում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը հարցը լուծելու միջոց չէ: Մեզ մոտ, շատ երկրների մոտ լավ հարաբերություններ և տնտեսական շահ կա: Մենք պարտավոր չենք միանալ այդ պատժամիջոցներին, որովհետև այդ որոշումները կայացվել են առանց մեր ներկայության և ներկայացվել են մեզ՝ միայն, որպեսզի մենք դրանք կիրառենք»,-ասել է Բոզքըրը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների առաջ:

 

Նրա խոսքով՝ «պետք է զգույշ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում»: Նա նշել է, որ չպետք է «մոռանալ ռուսական ազդեցության մասին՝ փորձելով լուծել Սիրիայի և «Իսլամական պետության» խնդիրը»:

 

«Մենք պետք է համոզենք Ռուսաստանին գործընթացի մաս լինել, մեզ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը, Ռուսաստանը դրա անդամ է, մենք պետք է դադարեցնենք զենքի մատակարարումը սիրիական իշխանություններին, Ռուսաստանն այդտեղ է, ամեն տեղ Ռուսաստանը մասնակցում է: Եթե մենք Ռուսաստանին անկյուն գցենք, դա կվերածվի անլուծելի խնդրի, իսկ մենք, դրա փոխարեն, փորձում ենք լուծել խնդիրը»,- հայտարարել է նախարարը: