Փակում ենք աշխարհի դուռը և արդարություն պահանջում. Ր. Հովհաննիսյան

21:36 • 17.10.14

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կատարվող աշխատանքները բավարար չի համարում և կարծում է, որ դրա համար ստեղծված պետական հանձնաժողովները մի քիչ ավելի ստեղծագործական, ժամանակակից և համակարգված պետք է աշխատեն և չպարփակվեն ավանդական մեթոդներով:


«Այդ պետական հանձնաժողովը պետք է լինի «վերնախագահական»: Ներկա դրությամբ դե ֆակտո պարոն Սարգսյանին կից հանձնաժողով է, ինքն է որոշում, այնտեղ չկա քվեարկություն: Կարծում եմ, որ այնտեղ պետք է տեսակետների բազմազանություն, քվեարկություն և ժողովրդավարություն լինի, դրանք այնտեղ պակասում են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Վերջինս նաև նշեց, որ բոլոր դեպքերում՝ ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի գործը տուժում է, որովհետև չունի լեգիտիմ իշխանություն. «Չունենք մեր անկախությունը, մեր ինքնուրույնությունը զիջում ենք՝ այս կամ այն ուղղության արձանագրություններ ստորագրելով, միության անդամակցություն և այլն: Փակում ենք աշխարհի դուռը և արդարություն ենք պահանջում»:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ այդ արդարությունը ներսում չկա, և քանի որ Հայաստանի իշխանությունները երկրի խնդիրներին լուրջ չեն նայում, պետք չէ ակնկալել, որ 2015թ.-ի ապրիլի 24-ին մեծ ժայթքում է լինելու: