Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել. հարցաքննվում են ՃՈ աշխատակիցները

16:51 • 17.10.14

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանությունն այսուհետ դատարանում կիրականացնի նաև փաստաբան Սամվել Ջաղինյանը:


Այս մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվող դատական նիստի սկզբում հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Վարդան Պետրոսյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց, որ ցանկանում է, որպեսզի իր պաշտպանությունն իրականացնի նշված փաստաբանը: Դատարանը միջնորդությունը բավարարեց:


Դատական նիստին չի ներկայացել վկա Մկրտիչ Խուդավերդյանը, որի բացակայության վերաբերյալ որևէ փաստաթուղթ դատարանին չի ներկայացվել:


Դատական նիստին ներկա են գործով վկա Գրիշա Գասպարյանը, վկաներ՝ Գևորգ Մարտիրոսյանը և Վոլոդյա Կարապետյանը, ովքեր ՃՈ աշխատակիցներ են:


Գործով վկա, ՃՈ տեսուչ Գևորգ Մարտիրոսյանը հարցաքննության ընթացքում ասաց, թե եղել են հերթապահության, ահազանգ է եղել, որ վթար է եղել, կան տուժածներ և մեկնել են դեպքի վայր:


«Դեպքի վայրի զննության արձանագրությանը մասնակցել եմ ՃՈ աշխատակից Վոլոդյա Կարապետյանի և երկու ընթերակայի հետ»,- ասաց վկան՝ նշելով, որ ընթերականերին չի ճանաչում, մեկը եղել է երիտասարդ, մյուսը՝ ավելի տարիքով:


Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հարց տվեց, թե ստորագրելուց առաջ ծանոթացել է այն արձանագրությանը, որը կազմվել է, վկան պատասխանեց, թե՝ այո: Մյուս հարցին, թե հնարավոր համարում է, որ վթարի վայրում հետքեր եղած լինեն, որոնք չեն արձանագրվել, վկան ասաց, թե բացառվում է:


Պաշտպան Սամվել Ջաղինյանի հարցերին պատասխանելիս վկան ասաց, թե դեպքի վայրում իրենք ոստիկանության աշխատակիցների հետ ապահովել են վթարի վայրում չափագրումներ անելը:


Վկան ասաց նաև, թե մասնակցել են մեքենաների զննմանը, մեքենաների միջից հանել են որոշ պարագաներ: Պատասխանելով պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցերին, ասաց, որ չի հիշում և չի կարող ասել, թե վթարին մասնակից մեքենաների հետքերը չափագրել են, թե՝ ոչ:


Գործով մյուս վկա, ՃՈ տեսուչ, լեյտենանտ Վոլոդյա Կարապետյանն ասաց դեպքի վայրում ապահովել են երթևեկությունը, քննիչի և ընթերակաների հետ մասնակցել են դեպքի վայրի զննությանը: Վկան ասաց, թե հստակ հիշում է, որ դեպքի վայրում երկու ընթերակա են աշխատել:


Երկրորդ վկան նույնպես ասաց, որ չի հիշում, թե դեպքի վայրում հետքերը, մասնավորապես՝ BMW մակնիշի մեքենայի հետքերն արձանագրել են, թե՝ ոչ:


Պաշտպանի հարցերին պատասխանելիս վկան ասաց, թե բացի դեպքի վայրի զննությամբ արձանագրությունը կազմելուց, իրենք մասնակցել են նաև մեքենաների տեղափոխման և ճանապարհի մաքրման գործողություններին: «Ճանապարհից մաքրվել են մեքենաներից թափված կտորները»,- ասաց ՃՈ աշխատակիցը:


Պաշտպանի հարցերին պատասխանելիս վկա Վոլոդյա Կարապետյանն ասաց, թե մեքենաներից թափված կտորները եղել են ճանապարհի երթևեկելի մասում՝ առաջին գոտում:


Երկրորդ վկայի հարցաքննության ավարտից հետո հարցաքննության հրավիրվեց վկա Գրիշա Գասպարյանը:


Նա ասաց, թե անցնելիս են եղել այդ հատվածով, կանգնել է, նայել: Իրեն ասել են, թող գա և մասնակցի զննությանը որպես ընթերակա: Հարցերին պատասխանելիս ընթերական ասաց, որ չի կարդացել, թե ինչ է ստորագրել:


«Ինչ պետք է կարդայի, ասել են արի ստորագրի, ստորագրել եմ»,- ասաց ընթերական:


«Եթե չեք կարդացել, ինչո՞ւ եք ստորագրել»,- հարց տվեց պաշտպան Սամվել Ջաղինյանը: «Այ մարդ, ասել են ստորագրի, ստորագրել եմ, հիմա որ դու կանչես, ասես՝ արի ստորագրի էս թղթի տակ, կարո՞ղ ա չստորագրեմ»,- պատասխանեց վկան:


Ընթերական ասաց, թե դեպքի վայրում էլի ընթերակա է եղել՝ ջահել մի տղա:


Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերից մեկում պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքն ուսումնասիրել է և բացահայտել, որ դեպքի վայրի զննությանը մասնակցած ընթերականերից մեկի անուն-ազգանունով մարդ չկա գրանցված ՀՀ ընտրողների ցուցակում: