Ուկրաինայի սահմանն առաջարկում են միջազգային հսկողության տակ առնել
Եվրոպական երկրների առաջնորդներն առաջարկել են միջազգային հսկողություն սահմանել ուկրաինական սահմանի նկատմամբ, գրում է korrespondent.net-ը:
Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին: Առաջարկը հնչել է Միլանում «Ասիա-Եվրոպա» ֆորումի գագաթաժողովին կայացած բանակցությունների ընթացքում:
«Մենք հավանության ենք արժանացրել ուկրաինական սահմանների նկատմամբ միջազգային հսկողության սահմանման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի առաջարկը: Այդ առաքելությանը կարող էին մասնակցել նաև Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան»,- հայտնել է Ռենցին:
Այսօր «Ասիա-Եվրոպա» գագաթաժողովին կայացել է եվրոպացի առաջնորդների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը: Եվրոպական կողմից, բացի Ռենցիից, հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, ինչպես նաև եվրոպական դիվանագիտության նոր ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:










