Շախմատի շնորհիվ երեխան սովորում է ինքնուրույն որոշում կայացնել, արդար հաղթել ու արդար պարտվել. Սմբատ Լպուտյան
Երևանի պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին 180 մասնակիցներ, որոնցից 50-ը Հայաստան էին ժամանել աշխարհի 30 երկրներից:
Իր խոսքում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն անդրադարձավ այն որակներին, որ հաղորդում է շախմատային խաղը երեխային: Նա ընդգծեց, որ առաջին հերթին շախմատն արդարացի խաղ է, և երեխան սովորելով այս խաղը՝ ավելի արդարամիտ է դառնում:
«Շախմատ խաղալով երեխան սկսում է ինքնուրույն որոշում կայացնել ու քայլ կատարել, իսկ շատ անգամ երեխաները՝ մինչև 15 տարեկան, ծնողներն են ասում՝ ինչ անի, իսկ շախմատ խաղացող երեխաները կարողանում ինքնուրույն որոշում կայացնել: Շախմատ խաղալով՝ երեխան սովորում է արդար հաղթել ու արդար պարտվել: Պարտություն կրելը սովորում է, ու սա շատ կարևոր է մարդկության համար, երբ վերջում ձեռք են սեղմում և հարգանք են միմյանց նկատմամբ ցուցաբերում»,-ասաց նա:
Սմբատ Լպուտյանը նաև ընդգծեց, որ շախմատ խաղալով՝ երեխան կարողանում է իրավիճակ վերլուծել, որից հետո միայն քայլ կատարել, իսկ դա կյանքում օգնում է հնարավորինս քիչ սխալվել:










