ԱՄՆ-ն Էբոլա տենդի մասին տեղեկություն է հրապարակել իր քաղաքացիների համար
ԱՄՆ-ն տեղեկություն է հրապարակել այն մասին, թե քաղաքացիներին ինչ է անհրաժեշտ գիտենալ Էբոլա տենդի մասին, գրում է lenta.ru-ն։
«Վտանգավոր վիրուսի բռնկման սպառնալիքը Միացյալ Նահանգներում շատ չնչին է, սակայն մենք ամենայն լրջությամբ ենք մոտենում այդ հարցին՝ կառավարության ամենաբարձր մակարդակով»,-ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նստավայրում հիվանդության դեմ պայքարի ուղիների մասին երկու ժամ տևած խորհրդակցության արդյունքում։
Ինչպես նշվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում, նմանատիպ միջոցի կրառումը կոչված է նվազեցնելու բնակչության շրջանում խուճապի տարածումը։
Վաշինգտոնից հիշեցրել են, որ Էբոլա տենդի վիրուսը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Վտանգավոր վիրուսը տարածվում է միայն մարդու օրգանիզմի արտադրած հեղուկների միջոցով՝ արյուն, թուք և այլն:
Բացի այդ, վարակվել հնարավոր է միայն այն դեպքում, երբ տեղի է ունեցել ուղիղ շփում վարակակիր անձի կամ կենդանու հետ։










