Վրաստանի վարչապետը հուսով է, որ ՌԴ-ն խոհեմ կգտնվի և կփոխի Աբխազիայի հետ համաձայնագրի տեքստը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի հավատում, որ երկու տարի տևած կառուցողական երկխոսությանը Ռուսաստանի իշխանությունը կպատասխանի աբխազական ռեժիմի հետ ռազմական համաձայնագրի կնքմամբ, տեղեկացնում է Грузия online կայքը:
Վարչապետը հույս ունի, որ փաստաթուղթը փոփոխությունների կենթարկվի, և դրա տեսքը կտրուկ կտարբերվի ներկա փաստաթղթից:
Նրա խոսքով՝ վրացական կողմը վերջին երկու տարիներին ձեռնարկել է բոլոր կառուցողական քայլերը՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու իրավիճակի ապասրացմանը և ուղիղ բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ:
Ղարիբաշվիլին նաև ընդգծել է Բիձինա Իվանիշվիլիի դերը Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման գործում, որն ավարտվել էր տնտեսական և առևտրային հարաբերությունների վերսկսմամբ:
«Մենք մեր արևմտյան բարեկամների խորհրդով բանակցեցինք ռուսական կողմի հետ: Մենք ամբողջ ուժով փորձեցինք ապացուցել, որ մենք տրամադրված ենք հարաբերությունների բարելավման, և դա հստակ հաջողությունների հանգեցրեց, մեր առևտուրն ավելացավ 5 անգամ», - ասել է Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Զուրաբ Աբաշիձեի հետ և տեղեկատվություն է ստացել բանակցությունների ընթացքի մասին: Վարչապետը հայտարարել է, որ ՌԴ փոխվարչապետ Գրիգորի Կարասինը Զուրաբ Աբաշիձեին տեղեկացրել է, որ Ռուսաստանի և դե ֆակտո Աբխազիայի միջև պայմանագիրը ներկայում նախապատրաստման փուլում է և վերջնական տեսքի կբերվի մի քանի օրից:










