IGPA-ն կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել լրագրող Խադիջա Իսմաիլովայի նկատմամբ հետապնդումները
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան (IGPA) հայտարարությամբ է հանդես եկել ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմաիլովայի, գրում է contact.az-ը:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ չեղարկեն նրա արտասահման մեկնելու արգելքը և դադարեցնեն նրա դեմ բոլոր դատական գործերը: Քաղաքացիական հասարակության աննախադեպ ճնշումների ֆոնին զրպարտության մասին քրեական գործով Խադիջա Իսմաիլովայի կալանքն անխուսափելի է թվում և կհաստատի երկրում բոլոր քննադատական ձայները լռեցնելու իշխանությունների մտադրությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ARTICLE 19-ը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Գրաքննության ինդեքսը, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, Freedom House-ը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և այլն:
IPGA-ի անդամները կարծում են, որ նրա նկատմամբ ճնշումների, զրպարտության մեղադրանքով քրեական հետապնդման և արտասահման մեկնելու արգելքների համար պատճառ է դարձել Իսմաիլովայի այցը Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ-ի վերջին նիստին:










