Քոբանիում քրդերն ԻՊ-ի շարքերում կռվող ադրբեջանցու են մահապատժի ենթարկել
Սիրիական Քոբանի քաղաքում քուրդ զինյալները մահապատժի են ենթարկել ադրբեջանցի մի երիտասարդի, որը կռվել է «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ France Presse-ին հղումով, Թուրքիա հասած քուրդ փախստական Ջունեյթ Հեմոն պատմել է, որ ադրբեջանցին եղել է մոտ 20 տարեկան:
Նա ասել է, որ զինյալին գերի են վերցրել փոխհրաձգության ընթացքում՝ քաղաքի արևմտյան մասում, և տարել են մզկիթ:
«Նրա հետ խոսեցինք և փորձեցինք փոխել տեսակետը: Սակայն նա մշտապես մեզ անհավատներ էր անվանում, և ասում էր, որ մեզ իրական իսլամի ուղի բերելու հրաման է կատարում: Նա ընդամենը քսան տարեկան էր: Խոսում էր արաբերեն: Նա ասաց, որ եկել է Ադրբեջանից, որպեսզի «այս հողերը փրկենք անհավատներից: Նա մեզ խնդրում էր, որ սպանենք իրեն, քանի որ այդպես նա դրախտ կընկնի»,- պատմել է Հեմոն:
Քուրդ զինյալի խոսքով՝ հարցաքննության ընթացքում ադրբեջանցին իրեն զուսպ է պահել և միայն խնդրել է սպանել իրեն: Երբ վիճաբանությունը երկար է տևել, քուրդ զինյալները նրան սպանել են՝ կրակելով գլխին:
Լրացուցիչ տեղեկություններ նրա ինքնության մասին չկան:










