Պուտինը նկարել է գազային հարցը Մերկելի համար

15:19 • 17.10.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուղթ ու գրիչի միջոցով փորձել է բացատրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ուկրաինայի հետ գազային վեճի շուրջ ռուսական դիրքորոշումը։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Лента-ն։

 

«Երեկ Պուտինը բավական մանրամասն պատմել է Մերկելին գազային հարցի մասին։ Նա վերցրել է գրիչը և թվերը գրել թղթի վրա, բացատրել»,- ասել է Պեսկովը՝ չպարզաբանելով, սակայն, թե ինչպես է արձագանքել Մերկելը։

 

Հիշեցնենք, որ Պուտինը երեկ բանակցություններ է անցկացրել Մերկելի հետ Միլանում ընթացող Ասիա-Եվրոպա ֆորումի գագաթաժողովի շրջանակում։

 

Ուկրաինան և Ռուսաստանը վերջին ամիսների ընթացքում չեն կարողանում լուծել ռուսական գազի գնի շուրջ վեճը. «Գազպրոմ» ընկերության առաջարկած գինը Կիևի «սրտով չէ»: