Ցեղասպանության տարելիցին ընդառաջ միջոցառումներ են նախապատրաստվում չորս հիմնական ուղղությամբ. Վիգեն Սարգսյան

15:13 • 17.10.14

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսին հայտարարեց, հանձնաժողովը տարելիցին ընդառաջ նախապատրաստվում է միջոցառումներ իրականացնել չորս հիմնական ուղղությամբ:
 

Առաջինը հիշողությունն է, ըստ Վիգեն Սարգսյանի՝ «հիշողություն մեր զոհերի, մեր ժառանգության, որը վերադարձնելու շուրջ անելիքներ ունենք»:

 

 

Երկրորդ ուղղությունը երախտագիտությունն է: «100 տարի առաջ մեկ ուրիշի համար ձայն բարձրացնելը, մեկ ուրիշի կողքին դժվարին պահին կանգնելը բացառիկ երևույթներ էին: Երբ թերթում ենք այս ալբոմի էջերը, տեսնում ենք՝ որքան լայնածավալ էր աջակցությունը մեր ժողովրդին: Անհատներ, կառույցներ, կազմակերպություններ, պետություններ, ժողովուրդներ իրենց ձայնը բարձրացրեցին և կանգնեցին մեր կողքին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ է երախտագիտության խոսք ասելու նրանց, ովքեր չվախեցան ու գործեցին:

 

 

Երրորդ ուղղությունը Վիգեն Սարգսյանը համարեց ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային պայքարում հայ ժողովրդի դերի ամրապնդումը. «Մեր մոտեցումն այն է, որ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հիշեցնել բոլորին այդ հանցագործության ողջ ծավալը, վտանգը: Պետք է մեր մասնակցությունը բերենք մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության դեմ միջազգային պայքարի կարևոր գործին: Այսօր այս թեման արդիական է ինչպես երբեք՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների դեմ ծավալած հանցավոր իրադարձությունները»:

 

 

Եվ վերջին ուղղությունը վերածնունդն է: «Ցեղասպանություն վերապրելը մեկ բան է, ցեղասպանությունից հետո վեր հառնելը՝ մեկ այլ բան: Երբ հետ հայացք ենք նետում, տեսնում ենք, որ հպարտանալու շատ բան ունենք. ոչ միայն գոյատևեցինք, այլ նաև կարողացանք անկախ պետականության ձևավորման հիմք դնել, կարողացանք հաղթահարել մեզ պարտադրված պատերազմը»,-ասաց Վիգեն Սարգսյանը: