Ալիևը համաներում է հայտարարել՝ ներելով նաև ներում հայցած քաղբանտարկյալներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 17-ին 84 մարդու համաներելու մասին կարգադրություն է ստորագրել, տեղեկացնում է contact.az կայքը:
Համաձայն փաստաթղթի՝ 80 ազատ արձակվածների թվում կան Թուրքիայի, Իրանի և Պակիստանի քաղաքացիներ:
Եվս մեկ մարդ ազատ է արձակվել պայմանական պատժից, երկուսը՝ ուղղիչ աշխատանքներից և ևս մեկը՝ տուգանքից:
Համաներված անձանցից չորսն իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ համարված անձինք են՝ NIDA շարժման երիտասարդ ակտիվիստներ Բախթիյար Գուլիևը, Շահին Նովրուզլուն և Էլսևեր Մուրսալին:
Հունիս-հուլիս ամիսներին նրանք համաներում էին խնդրել և հայտարարություն էին տարածել NIDA-ից դուրս գալու և իշխանությունների քաղաքականությանն աջակցելու վերաբերյալ:
Համաներվել է նաև Գյանջայում գործող հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Հասան Հուսեյնլին:
Օգոստոսի 8-ին հրապարակված ազատազրկվածների ցանկում կա 98 մարդու անուն: Այդ ցանկը կազմել են իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովն ու Լեյլա Յունուսը, որոնք շուտով իրենք են ճաղերի հետևում հայտնվել:
Ներկայում Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը շարունակում է մոտ 100-ը մնալ:










