Հայաստանի գյուղատնտեսությունը ռուսական շուկա մուտք գործելուն պատրաստ չէ. գյուղատնտեսներ

13:47 • 18.10.14

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի և գյուղատնտեսությամբ զբաղվողների մասնակցությամբ այսօր կայացած ասուլիսին բանախոսները միաբերան հայտարարեցին. Հայաստանի գյուղատնտեսությունն այսօր պատրաստ չէ ռուսական շուկա մուտք գործելուն:


«Որքան կարողացել, այնքան էլ արտահանել ենք, էսօր զբաղվել պատահական գործերով և թողնել բուն գործը, թե հաջորդ տարի ինչ ենք անելու, սխալ է: Ցավալի է, որ պատահական մարդիկ են հայտնվում մեր ոլորտում: Եթե մենք այսօր չզբաղվենք արտահանմամբ, երկու տարի հետո Թուրքիան այդ շուկան իր վրա է վերցնելու»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

 

 

Իր հերթին հողագործ Գնել Մխիթարյանը վկայեց, որ այս պահին եթե գնան դաշտ, կտեսնեն, թե քանի հեկտարների վրա ինչ մշակաբույսեր են փչանում: «Պետք է մոտեցումը փոխել, որովհետև երկիրը փոքր հողակտորների երկիր է, ինչ-որ մեխանիզմներ պետք է կիրառվեն, որ այդ հողակտորները մեծանան»,- ասաց նա և ավելացրեց, որ հանրապետության մասշտաբով ոռոգման ջրի հարցը հիմնավոր լուծված չէ, չկան լուրջ մասնագետներ. «Գյուղատնտեսության մեջ պետական հոգածություն է պետք»:


Լոռու մարզի կաթի արտադրությամբ զբաղվող «Կարա և Կարեն» ՍՊԸ-ի սեփականատեր Կարինե Ղուկասյանն էլ խոսեց փոքր և միջին բիզնեսի առջև ծառացած խնդիրներից: «Մենք այսօր կանգնել ենք փաստի առաջ, փոքր ու միջին բիզնեսը պարբերաբար հարվածների է ենթարկվում: Մենք այսօր պատրաստ չենք այդ միություններին անդամակցել»,- ասաց նա:


Գործարարը տեղեկացրեց նաև, որ իրեն Ռուսաստանի գյուղնախարարությունից զանգել և համագործակցության առաջարկություն են արել, բայց ինքն այսօր պատրաստ չի դրան: