Հոնկոնգում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանների միջև

09:37 • 18.10.14

Հոնկոնգում վերսկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև:

 

Лента-ն հայտնում է, որ անկարգությունները սկսվել են այն ժամանակ, երբ տեղի Occupy Central շարժման ակտիվիստները կրկին գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Մոնգ Կոկ խաչմերուկը: Ավելի վաղ ոստիկանությունն այդ տեղանքն արդեն մաքրել էր բարիկադներից:

 

Այս անգամ ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել: Բախումներին մոտ 200 հազար մարդ է մասնակցել, վիրավորվել է 15 ոստիկան, 26 ցուցարար:

 

Սեպտեմբերի 26-ից Հոնկոնգում ցույցեր են տեղի ունենում, որոնց մասնակիցներն ինքնուրույն ընտրություններ են պահանջում տեղական իշխանությունների համար: Պեկինը խոստացել է շրջանին նման հնարավորություն տալ 2017-ից: