Իտալական կղզու առեղծվածը. գիտնականները չեն կարողանում պարզել խորհրդավոր հրդեհների պատճառը
Սիցիլիայի Կարոնիա (Canneto di Caronia) գյուղում վերջին 10 տարում տարօրինակ ու խորհրդավոր երևույթ է տեղի ունենում. անբացատրելի հրդեհներ են առաջանում՝ ասես ոչնչից: Այս տարօրինակ երևույթը, որը կարծես նոր թափ է հավաքել այս տարի, իրենից ներկայացնում է մահճակալի, ներքնակների, մեքենաների և սարքավորումների, ինչպիսիք սառնարանն ու հեռախոսն են, հանկարծակի բռնկումներ ու ինքնայրում՝ անգամ անջատված վիճակում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` այս երևույթը գրավել է երկրաբանների, ֆիզիկոսների և հրաբխագետների ուշադրությունը մի քանի տարի շարունակ, սակայն ոչ ոքի չի հաջողվել ճշգրիտ գիտական բացատրություն տալ մինչ օրս: Գյուղի բնակիչները մեղադրում են գերբնական էություններին, ինչպիսին են ՉԹՕ-ները կամ տնային ոգիները:
Այս ամենն սկսվել է 2004-ի հունվարին, երբ էլեկտրոնային սարքավորումները (վառարաններն ու փոշեկուլները) մի քանի տներում սկսել են այրվել: Կահույքի տարբեր մասեր և անգամ ջրի խողովակն է սկսել այրվել: Տեղի էլեկտրական ընկերությունը անջատել է էլեկտրականության մատակարարումը, սակայն դա էլ որևէ օգուտ չի տվել:
Տեղացիները տարհանվել են, և մանրակրկիտ հետաքննություն է իրականացվել, սակայն փորձագետներն ու իշխանություններն անզոր են եղել որևէ բացատրություն տալ: Պատահական բռնկումները մինչ օրս էլ շարունակվում են:













