Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահին որակազրկել են Ուիլյամս քույրերին վիրավորելու համար
Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը տուգանվել է և մեկ տարի ժամկետով հեռացվել WTA-ից՝ Ուիլյամս քույրերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին:
«Ռուսական հեռուստատեսությամբ կանանց թենիսի պատմության մեջ մեծագույն թենիսիստուհիներից երկուսի նկատմամբ Շամիլ Տարպիշևի հայտարարությունները վիրավորական են և ստորացուցիչ, նման հայտարարությունները տեղ չունեն սպորտում: Սերենա և Վինուս Ուիլյամսները չեմպիոններ են թենիսի հրապարակում և դրանից դուրս, կարկառուն անձինք, զարմանալի մարզիկներ: Նրանք իրենց օրինակով ոգեշնչում են ողջ աշխարհում շատ կանանց և աղջիկների: Տարպիշևի արտահայտությունները, որտեղ նա կասկածի է դնում թենիսիստուհիների սեռը, արատավորում են մեր սպորտի տեսակը: Նրա մեկնաբանությունները դատապարտելի են, նրա նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ»,- ասել է WTA- նախագահ Սթեյսի Ալաստերը:
Մեկ տարվա ժամկետով որակազրկումից բացի Տարպիշևը պետք է վճարի 25 հազար դոլարի չափով տուգանք, ինչպես նաև հրապարակայնորեն ներողություն խնդրի Ուիլյամս քույրերից:
Ինչպես նշում է korrespondent.net-ը «Вечерний Ургант» ծրագրի եթերում Տարպիշևը Ուիլյամս քույրերին «Ուիլյամս եղբայրներ» է անվանել:










