Սիրողական վերլուծությունները հաստատ հօգուտ վերլուծողի չեն. Աշոտ Ահարոնյանը՝ Վահե Էնֆիաջյանին
Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում պարզաբանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի պնդման, թե «զարգացած երկրներում ընդունված նորմ է, որ հանցագործության թվի աճը հավասարազոր է տվյալ երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը» և հետևության, որ Հայաստանում հանցագործությունները «սրընթաց» աճում են՝ պայմանավորված սոցիալական ծանր վիճակով։
Ըստ նրա՝ զարգացած երկրներում նման նորմ գոյություն չունի: «Հանցավորության աճ է արձանագրվում թե՛ կայուն տնտեսական աճ, թե՛ սոցիալական ապահովության բարձր աստիճան ունեցող երկրներում: Օրինակ՝ եվրոպական այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին Շվեդիան է, վերջին 10 տարիների ընթացքում հանցավորության քանակական աճը մշտապես զարգացման միտում է ցուցաբերում՝ 15 տոկոս, ընդ որում, բռնի հանցավորությունը գրանցել է 50 տոկոս աճ»,– գրում է նա։
«Ինչ վերաբերում է մեր երկրում հանցագործությունների թվաքանակի աճին, ապա դա պատճառական կապ չունի սոցիալական պայմանների հետ և պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկան բացառելու՝ ոստիկանության ղեկավարության վերջին տարիների սկզբունքային մոտեցմամբ: Ի դեպ, վիճակագրությունը փաստում է այդ աճի նվազման կայուն միտում /2013 թ. գրանցվել է 15 տոկոսի, 2014 թ. 9 ամիսներին՝ 2,2 տոկոսի աճ/, ինչը վկայում է, որ բարեփոխումներն այդ ուղղությամբ արդյունավետ են, և ունենք հանցավորության օբյեկտիվ պատկերը տեսնելու և դրա դեմ համարժեք միջոցներ ձեռնարկելու իրական հնարավորություն:
Վերջում՝ մի բարի խորհուրդ. խնդրո առարկա ոլորտը խիստ մասնագիտական է և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում, իսկ սիրողական վերլուծությունները հաստատ հօգուտ վերլուծողի չեն»,– գրել է նա:










