Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր սարքեր` Արագածոտնի և Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներին

15:33 • 20.10.14

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը նպաստելու նպատակով Հայ-բրիտանական գործարար պալատի նախաձեռնությամբ Արագածոտնի և Գեղարքունիքի 23 բժշկական ամբուլատորիաներին տրամադրվել են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար նախատեսված բրիտանական «Breastlight» նոր սարքեր։ Ծրագրվում է առաջիկայում նման սարք տրամադրել նաև հանրապետության հեռավոր մարզերի բժշկական ամբուլատորիաներին:


Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։


Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լինչը նշել է, որ այս միջոցառման նպատակն է Հայաստանի մարզերում տարածել Հայ-բրիտանական գործարար պալատի նախաձեռնության շնորհիվ ձեռք բերված բրիտանական սարքը, որն ուղղված է վաղ շրջանում կրծքի քաղցկեղի հայտնաբերմանը:


«Խիստ կարևոր է կանանց հասցնել ուղերձը, որ շատ բան իրենցից է կախված, և ամիսը մեկ զննում անցնելը պարտադիր է: Ցանկանում եմ նշել, որ այս սարքավորումը չի փոխարինում մամոգրաֆիական հետազոտությանը, սակայն բժիշկներին հնարավորություն է տալիս ստուգումներ իրականացնել` տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր ձեռնարկել հիվանդությունն ախտորոշելու և բարդացումները կանխելու համար»,- ասել է դեսպանը:


Բրիտանական սարքը հնարավորություն է տալիս նորագոյացությունը հայտնաբերել վաղ շրջանում: Սարքավորումը ցուցված է օգտագործել կլինիկական հետազոտությունների ժամանակ: Սարքն արձակում է վառ կարմիր լույս, որը թափանցելով կրծքի հյուսվածքներ` թույլ է տալիս կուրծքն ուսումնասիրել ներսից: Առողջ լինելու դեպքում անոթային ցանցը հստակ երևում է, սակայն մութ կուտակումներն ազդանշան են, որ հետագա հետազոտությունների անհրաժեշտություն կա: