Մեր դեմ կանգնած է հզոր պետություն, սակայն մեր դատն արդար է. Էդուարդ Շարմազանով
1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից տեղի է ունեցել ոչ միայն հայերի բնաջնջման փորձ, այլ նաև հայրենազրկում, այս մասին այսօր՝ Արևմտահայերի Ազգային Համագումար միջազգային հասարակական կազմակերպության համաժողովի ժամանակ, ասաց ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը ավելացնելով, որ ի դեմս Թուրքիայի Հանրապետության այսօր մեջ առաջ կանգնած է հզոր պետություն, սակայն հայոց պահանջատիրությունն արդար է։
Իր ելույթում նա ասաց, որ ի տարբերություն հրեական Հոլոքոսթի՝ Հայոց ցեղասպանության դեպքում մի ողջ ժողովուրդ կամ ժողովրդի մեծ զանգված հայրենազրկվել և կոտորվել է իր հայրենիքում:
«Չի կարելի դահճին և զոհին մի հարթության մեջ նայել»,- ասաց նա և նշեց, որ բոլորս գիտենք, որ հայ ժողովրդի բնաջնջումը ծրագրվել էր մինչև առաջին աշխարհամարտը: «Այսօր էլ պանթուրքիզմը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է Կիպրոսի օրինակով դատական գործեր սկսել՝ հասնելով Եվրոպական դատարան: «Մենք կարող ենք մեր ձայնը բարձրացնել ժխտողականության դեմ: Մենք չպետք է առաջնորդվենք միայն զգացմունքներով, պետք է համակարգված աշխատենք, որովհետև Թուրքիան ապացուցել է, որ շարունակում է իրականացնել ժխտողական քաղաքականությունը: Դրա համար մենք պետք է աշխատենք միավորված, համախմբված»,-ասաց նա և նշեց, որ միայն միասնական աշխատելով կարող ենք հասնել մեր դատի տրամաբանական ավարտին, ինչը շատ երկար ճանապարհ է:
Նա նշեց, որ այսօր համացանցը հեղեղված է թուրքական և ադրբեջանական կեղծ պրոպագանդայով: «Մեր դեմ կանգնած է հզոր պետություն, սակայն մեր դատն արդար է»-ասաց նա և նշեց, որ այդ պայքարը պետք է սկսի Հայաստանից:










