Բակո Սահակյանը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ հեռուստառադիոընկերությունների համագործակցության վերաբերյալ համաժողովին

12:10 • 20.10.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ներկա է գտնվել մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման և ոլորտի հետագա զարգացման ուղիները» համաժողովի բացմանը: 

Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական և անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը ու առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներին: 

Անդրադառնալով ներկա ժամանակահատվածում ոլորտում առկա խնդիրներին` երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել տեխնիկական բազայի շարունակական արդիականացումը, որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, գաղափարախոսական լուրջ աշխատանքի իրականացումը` հավելելով, որ այսուհետ էլ հեռահաղորդակցությանն առնչվող հիմնախնդիրները կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: 

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: