Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունեցող CANDLE ծրագրի վերաբերյալ զեկույց կլինի Իտալիայում. ԳՊԿ նախագահ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն Իտալիայի Տրիեստ քաղաքում մասնակցել է Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) ստեղծման 50-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 250 գիտնականներ, գիտության կազմակերպիչներ և նախարարներ:
Tert.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Հարությունյանն ասաց, թե ICTP 50-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում կենտրոնի ղեկավար Ֆերնանդո Քուիվիդոյի հետ, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունեցող CANDLE ծրագրի հետ կապված կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր:
«CANDLE-ի ուղղությամբ բավական աշխատանք է արվել, և Հայաստանն այս ծրագրի առաջին փուլը փաստորեն ավարտել է: ICTP-ի ղեկավարն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու CANDLE նախագծի ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագիծը ICTP-ում ներկայացնելու, ինչպես նաև արագացուցչային ֆիզիկայի ոլորտում մասնագետների պատրաստման խնդրում Հայաստանին աջակցելու ուղղությամբ: ICTP-ի օգնությամբ իրականացվելիք միջոցառումներն էապես կնպաստեն անդամ պետությունների հետ ավելի սերտ համագործակցությանը, դրանով իսկ՝ նաև ծրագրի միջազգայնացմանը և տարածաշրջանային նշանակության ամրապնդմանը»,- ասաց Սամվել Հարությունյանը:
Դիտարկմանը, թե CANDLE ծրագիրը որոշակի քննադատությունների է ենթարկվել գիտական հանրության կողմից, ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանն արձագանքեց. «Եթե դուք նկատի ունեք Սիներիկ Հայրապետյանի անհեթեթ ելույթները, ապա նույնիսկ մեծ ցանկության դեպքում այն գիտական հանրության լուրջ քննադատություն համարել չի կարելի: Նա նույնքան հեռու է արագացուցչային ֆիզիկայից, որքան ես ճապոներեն լեզվի գիտակ լինելուց: Այո՛, դա բնական է, բոլոր երկրներում էլ կան նման «գիտական հանրության ներկայացուցիչներ», և ավելի բարձր մակարդակի քննադատություններ եղել են ու կլինեն: Անկեղծ ասած, ես դրանց լուրջ չեմ վերաբերվում, քանի որ դրանք գիտականորեն որևէ կերպ հիմնավորված չեն և համեմված են խանդի ու թերարժեքության դրսևորմամբ»:
Սամվել Հարությունյանն ասաց նաև, որ իր համար անհասկանալի է նրանց վերաբերմունքն առհասարակ. «Հիմնականում եվրոպացիների և այլ երկրների միջոցներով և տեխնիկական աջակցությամբ այստեղ հզոր արագացուցչային կենտրոն է կառուցվելու, նախագծի առաջին փուլն ավարտվել է: Տարբեր էքսպերտների գնահատականներով՝ «AREAL» համալիրը գնահատվում է մոտ 20 միլիոն եվրո: Այս և հետագայում շահագործման հանձնվելիք մյուս լաբորատորիաներում այսօր ու վաղն աշխատելու են մեր երեխաները և թոռները: Կատարվելու են միջազգային մակարդակի հետազոտություններ, որոնք նպաստելու են Հայաստանի գիտական վարկանիշի բարձրացմանը, և կարծում եմ, այդ կենտրոնում աշխատողները ստանալու են արժանապատիվ աշխատավարձեր: Սա նպաստելու է այն բանին, որ դադարի ուղեղների անկառավարելի արտահոսքը: Ես որակումներ տալու սովորություն չունեմ, բայց ստիպված եմ խոստովանել, որ քննադատող այսպես կոչված «գիտնականները» կա՛մ այդ ծրագրից ոչինչ չեն հասկանում, կա՛մ էլ պարզապես տառապում են չկամությամբ սինդրոմով: Այն, որ այդ մարդիկ տիտղոսներ ունեն, դեռ ոչինչ չի նշանակում, կամ՝ ավելի վատ իրենց համար: Ցավով պետք է նշեմ, որ կան լրատվամիջոցներ, որոնք էժանագին սենսացիաների հետևից ընկնելով, հարթակ են տրամադրում վերոհիշյալ «քննադատներին», չհասկանալով, որ դրանով իսկ լուրջ վնաս են հասցնում մեր պետության վարկանիշին և թյուրիմացության մեջ գցում ընթերցողին»:
Գիտպետկոմի նախագահի խոսքով՝ լավ կլիներ, որ հիշյալ «գիտության մշակները» մեր գիտական հանրությանն ասեին, թե բացի սրա-նրա վրա ցեխ շպրտելուց, չհիմնավորված ինքնագովությամբ զբաղվելուց, իրենք ի՞նչ են արել այս երկրի համար և որքանով են նպաստ բերել մեր երկրի գիտական մտքի զարգացմանը, տնտեսության, բանակի հզորացմանը, ուղեղների արտահոսքի նվազմանը և այլն:
«Վերջում կուզենայի նշել, որ CANDLE ծրագրի և նրա մաս կազմող « AREAL» արագացուցչային համալիրին բարձր գնահատականներ են տրվել համաշխարհային համբավ ունեցող մարդկանց կողմից, ովքեր արագացուցչային ֆիզիկայի ոլորտում պարզապես գիգանտներ են»,-նկատեց պարոն Հարությունյանը:
Հարցին, թե Գիտպետկոմի նախագահն ավելի վաղ ասել էր, թե գիտական փորձաքննության մասին օրենքի բացակայությունը խանգարում է տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը, ի՞նչ պետք է անել հարցը կարգավորելու համար, Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Գիտական փորձաքննության մասին օրենքն իսկապես շատ կարևոր է և վերաբերում է հատկապես դրամաշնորհային ծրագրերի փորձաքննության ամբողջ համակարգի կանոնակարգմանը, չնայած, որ անկախ փորձաքննության համակարգն արդեն չորրորդ տարին է, ինչ կիրառում ենք: Ես կարծում եմ, որ օրենքն օր առաջ պետք է ընդունվի, որպեսզի «փորձագետ, փորձաքննություն իրականացնող կառույց, պատվիրատու» հարաբերությունները վերջապես հստակեցվեն: Այն կտա շատ հարցերի պատասխաններ, ինչպես օրինակ, թե ինչ չափանիշների պետք է բավարարի փորձագետը և փորձաքննության պատվիրատուն, ինչպես է իրականացվում անկախ փորձաքննությունը, ինչպես է ապահովվելու փորձաքննության անկախությունը և այլն: Շատերին մինչև հիմա թվում է, թե Գիտության պետական կոմիտեն փորձաքննություն իրականացնող կառույց է: Բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ ԳՊԿ-ն փորձաքննություն չի իրականացնում, մենք պատվիրում ենք փորձաքննություն: ԳՊԿ-ն պետական կառավարչական հիմնարկ է և փորձաքննություն անցկացնելու իրավասություն չունի, մենք պատվիրում ենք, վճարում ենք փորձագետին, և նա իրականացնում է այն: Օրենքի առկայության պարագայում, կարծում եմ, նման հարցեր չեն առաջանա»։
Նշենք, որ ICTP-ն ստեղծվել է 1964 թվականին՝ Իտալիայում: Այն բազմաթիվ երկրների մասնակցությամբ ստեղծված կոնսորցիում է, որը զբաղվում է ժամանակակից ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի ակտուալ խնդիրների ուսուցմամբ և լուրջ կապեր հաստատում աշխարհի տարբեր երկրների գիտնականների միջև:Այժմ ICTP-ն ունի 64 անդամ երկիր:
«2013 թվականին կողմերի միջև ստորագրված համաձայնագրով Հայաստանը դարձավ ICTP-ի հերթական լիիրավ անդամ, թեև ավելի քան 15 տարի է, ինչ համագործակցում է ICTP-ի հետ, ընդ որում, պարզ հաշվարկներով, այս տարիների ընթացքում ICTP-ն Հայաստանում ավելի քան 5 միլիոն դոլար գումար է ծախսել: ICTP-ն տարբեր երկրներում տարածաշրջանային կենտրոններ ունի, և որևէ տարածաշրջանում ստեղծված կենտրոնը սպասարկում է հարևան երկրներին նույնպես: Մեր տարածաշրջանում ICTP-ն առայժմ կենտրոն չունի, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը, հատկապես ֆիզիկայի ոլորտում աշխարհին հայտնի պետություն է, ICTP-ի ղեկավարությունը մտադիր է Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային կենտրոնը հիմնել Երևանում»,–ասաց Սամվել Հարությունյանը։










