Իրկուտսկում հարբած զույգը կատակել է ռումբի մասին և հետաձգել չվերթը

10:55 • 20.10.14

Իրկուտսկում միջազգային չվերթից ոստիկանները հեռացրել են հարբած ընտանեկան զույգի, որը որոշել էր կատակել ռումբի մասին, հայտնում է lenta.ru-ն՝ ՌԴ ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչության մամուլի ծառայությանը հղումով։

 

Միջադեպը տեղի է ունեցել այսօր, որի պատճառով թռիչքը հետաձգվել է 3 ժամ 20 րոպեով, գրում է lenta.ru-ն։ Հերթապահ մասում ահազանգ է ստացվել այն մասին, որ Իրկուտսկ- Բանգկոկ թռիչքն իրականացնող օդանավի հրամանատարը որոշում է ընդունել սրահից հեռացնել ընտանեկան զույգի։

 

Իրկուտսկի բնակիչները՝ 46 և 41 տարեկան, գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարբած տղամարդը չի կարողացել տեղավորել ձեռքի ճամպրուկը սրահում նախատեսված հատվածում, և երբ ուղեկցորդուհին փորձել է օգնել, տղամարդն ասել է, որ պայթուցիկ սարք է իր հետ տեղափոխում։

 

Օդանավի աշխատակազմն այդ մասին հայտնել է հրամանատարին։ Նշվում է, որ ոչ մի կոնֆլիկտ կամ հրմշտոց տեղի չի ունեցել։