Lufthansa-ի օդաչուներն ավելացնում են գործադուլի մասշտաբները
Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները որոշել են երկարաձգել գործադուլը և երեքշաբթի օրվանից դա տարածել նաև հեռավոր թռիչքների վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Vereinigung Cockpit արհմիությունը 35-ժամյա գործադուլ էր հայտարարել կարճ և միջին հեռավորության չվերթների համար, որը պետք է սկսվի երկուշաբթի օրվա կեսից:
Հաշվարկների համաձայն՝ գործադուլը կանդրադառնա 2.150 չվերթների 200 հազար ուղևորների վրա:
Գործադուլավորները պահանջում են պահպանել ժամանակից շուտ թոշակի անցնելու դեպքում նշանակվող փոխհատուցման վճարները: Ընկերությունը մտադիր է կրճատել այդ վճարները և աստիճանաբար դրանք ամբողջովին դադարեցնել:
Lufthansa-ն ձգտում է տնտեսել միջոցները, քանի որ այն դժվարությամբ է դիմանում եվրոպական բյուջետային փոխադրողների և Պարսից ծոցի երկրների ավիաընկերությունների հետ մրցակցությանը:
Հաղորդվում է, որ գործադուլին չեն մասնակցի Lufthansa-ի արտասահմանյան ստորաբաժանումները՝ շվեյցարական Swiss-ը և ավստրիական Austrian Airlines-ը:










