2008թ-ի Մարտի 1-ի սպանությունների գործը փակված չէ. Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց ՄԻՊ զեկույցի այդ արձանագրումը

16:14 • 20.10.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված տարեկան հաշվետվության մեջ մի կարևոր փաստ է ամրագրված՝ «2008թ-ի մարտի 1-ի սպանությունների գործը փակված չէ»:


Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս նախադասությունն ակնհայտ արձանագրում է, որ մինչ օրս բացահայտված չեն սպանության հեղինակները, սակայն ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերին լրագրողների հետ զրույցում նշել էր, բոլոր հանգամանքները բացահայտված են:


«Բացահայտվա՞ծ են, խնդիր չկա, դե թող կանգնի՝ ասի՝ ով է սպանել «Մարտի 1-ի» զոհերին: Ըստ ամենայնի, հարցին պատասխանելիս, Աղվան Հովսեփյանը հընթացս հիշում է, որ իր ասածը հարցեր է առաջացնում, ասում է՝ որոշ չբացահայտված հանգամանքների դեպքում կան լուրջ խոչընդոտներ հենց զոհվածների հարազատների կողմից առաջացրած: Ամբողջ ՀՀ-ի և միջազգային հանրության համար «Մարտի 1-ի» գործը սպանության բացահայտումն է, իսկ նրա համար չբացահայտվածը առանձին հանգամանքներ են: Իսկ ի՞նչ բացահայտում է ընդհանրապես արել, կարծում եմ՝ իր բացահայտումների ամենաբնորոշիչը այն էր, երբ նա իմ համեստ անձին վերագրում էր գերբնական հատկություններ, որ կարող եմ հատուկ բառերի օգտագործմամբ մարդկանց գցել հոգեխանգարման մեջ: Այդ բառերից են՝ հայրենիք, ընտանիք, և այլն»,-ասաց նա:


«2008թ-ի մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեն միայն իշխանափոխության դեպքում, բայց ոչ կուլիսների հետևում իշխանության տրանսֆորմացիայով… Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, և «Մարտի 1-ի» սպանության յուրաքանչյուր մասնակից պետք է սպասի, որ արդարադատությունը թակելու իր դուռը և գալու է իր ետևից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: