Իսպանացի բուժքույրը բուժվել է Էբոլայից. նրա թեստի պատասխանը բացասական է եղել

11:29 • 20.10.14

Էբոլայով վարակված իսպանացի բուժքույր Թերեզա Ռոմերոն բուժումից հետո վերահանձնել է թեստը և բացասական պատասխան ստացել, գրում է dw.de-ն։

 

Թերեզան պետք է ևս մեկ թեստ հանձնի, որպեսզի նրան վերջնականապես Էբոլա վիրուսից բուժված համարեն։ Կնոջ ամուսինը՝ Խավիեր Լիմոնը, ևս մեկուսացված է, չնայած նրան, որ նա, Էբոլայի թեստ հանձնելով, դրական պատասխան չի ստացել։

 

Նա վարակվել էր Մադրիդի հիվանդանոցներից մեկում՝ Էբոլայով հիվանդ երկու քահանաների խնամելու ժամանակ, որոնք վարակվել էին Աֆրիկայում: Հետագայում երկու քահանաներն էլ մահացել են:

 

Եվրամիության մեկ այլ երկրում՝ Շվեդիայում, երեկ երեկոյան մեկ տղամարդ է հոսպիտալացվել Էբոլա վիրուսի կասկածանքով։ Դա տեղի է ունեցել Ստոկհոլմի Արլանդա միջազգային օդանավակայանից:

 

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են նշանակել Լյուքսեմբուրգում՝ քննարկելու Էբոլա համաճարակի դեմ միասնական պայքարի հարցը։