Թուրքիան թույլ է տվել քրդերին անցնել Սիրիայի հետ սահմանը

17:09 • 20.10.14

Թուրքիան թույլ է տվել Իրաքի քրդերին հատել Սիրիայի հետ սահմանը՝ Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ կռվող ջոկատներին միանալու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

Թուրք-սիրիական սահմանի թուրքական կողմից մեծ քանակությամբ քուրդ զինված դիմադրության՝ «պեշմերգայի» մարտիկներ են հավաքվել, որոնք պահանջում են թույլ տալ անցնել սիրիական կողմ, որպեսզի մասնակցեն մարտական գործողություններին:

 

«Մենք օգնում ենք «պեշմերգայի» մարտիկներին անցնել սահմանը, որպեսզի նրանք հայտնվեն Քոբանիում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:

 

Նա հավելել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց այլ մանրամասներ չի հայտնել:
Քոբանիի տասնյակ հազարավոր բնակիչներ՝ մեծավմասամբ քրդեր, վերջին շաբաթների ընթացքում փախել են այդ սահմանամերձ քաղաքից, որը գրոհում են «Իսլամական պետության» խմբավորման ջիհադիստները:

 

Մինչ այժմ Թուրքիան հրաժարվում էր թույլ տալ քրդերին անցնել սահմանով սիրիական կողմ:

 

Թուրքական իշխանությունները հասկանում են Քոբանիի բնակիչներին օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, բայց վախենում են Թուրքիայի սահմաններում ապրող քրդերի շրջանում անջատողական տրամադրությունների ուժեղացումից: