Կարևոր է, թե արտոնությունները հասարակության ո՞ր խավի վրա են անդրադառնալու. տնտեսագետները՝ ԵՏՄ անդամակցության մասին

11:44 • 20.10.14

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը գտնում է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կբերի և՛ հնարավորություններ, և՛ խնդիրներ: Այսօր կայացած ասուլիսում նա նշեց, որ ամենակարևորն այն է, թե արտոնությունները հասարակության ո՞ր խավի վրա են անդրադառնալու:

Վիլեն Խաչատրյանը նշեց, որ ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում գործ ունենք ապրանքների բարձր սպառողական ինդեքսի հետ: Նա նկատեց, որ Ռուսաստանն իր զարգացման տեմպերով բարդ իրավիճակում է հայտնվել, և կան գնաճային
ռիսկեր: 

«Հայաստանը գտնվում է լավագույն դիրքերում, և ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2014 թվականին Հայաստանում ինֆլյացիան կկազմի 1,8 տոկոս, իսկ 2015թ.-ի կանխատեսմամբ՝ 3,8 տոկոս»,-ասաց նա և նշեց, որ քանի որ մենք համագործակցում ենք ԵՏՄ անդամ մյուս երկրների, մենք ևս ռիսկերի տակ ենք ընկնում։


«Որոշակի առումով գնաճային միտումներ կլինեն»,-ասաց նա և նշեց, որ մաքսազերծման առումով արտոնություններ տրված 900 ապրանքատեսակների պարագայում մեր տնտեսվարողները մրցակցային առավելություններ կունենան որոշակի հատվածում, և եթե չկարողացան օգտագործել այդ հնարավորությունները, ի հայտ կգան գնաճային ռիսկեր:

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը գտնում է, որ ԵՏՄ անդամակցությունը շատ խնդիրներ է առաջացնելու: Նա նշեց, որ թեև հայտարարվել է, որ հինգ տարվա ընթացքում որոշ ապրանքատեսակների մաքսազերծման տոկոսը չի փոխվի, սակայն հարց բարձրացրեց, թե ինչ է լինելու դրանից հետո:

«Արդյո՞ք մենք հինգ տարվա ընթացքում կարող ենք մեր տնտեսությունն այնքան զարգացնել, որ հետագայում մաքսազերծման տոկոսները բարձրացնելուց չենք տուժի»,-ասա նա և նշեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո որոշ ապրանքատեսակների գինը կաճի:

Կարեն Չիլինգարյանն անդրադառնալով ավտոմեքենաների ներկրմանը՝ մտահոգություն հայտնեց, որ գնային առումով նախընտրելի կլինի Ռուսաստանի արտադրության մեքենա գնել: