Անկախ ԵՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներից մեզ համար գերակա է ազգային կրթությունը. Արմեն Աշոտյան

11:30 • 21.10.14

12-ամյա կրթություն, Բոլոնյան գործընթաց, եվրոպական կրթական տարածք. սրանք Հայաստանի համար անբեկանելի, անշրջելի կրթական բարեփոխումներ են և իրողություն, որի հաջողություններով Հայաստանը պատրաստ է կիսվել նաև այլ երկրների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ի պատասխան հարցի, թե եթե օրինակ՝ ՌԴ-ն ու Բելառուսն ունեն 11-ամյա կրթություն, մենք՝ 12, ապա ինչ կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում ԵՏՄ-ի կրթական ինտեգրացիայի պարագայում: Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրների պատմության ուսուցմանը, ապա նախարարը կարծում է, որ, եթե նման նախագծի լինի, ապա այստեղ մենք, միանշանակ, կշահեինք, որովհետև, օրինակ՝ Հայոց ցեղասպանության մասին դաս կարող է լինել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տասմիլիոնանոց հանրակրթությունում։


-Պարո՛ն Աշոտյան ամենաուշը 1,5 տարվա ընթացքում ԱԺ վավերացման կբերվի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, և քանի որ ԱԺ-ում ունեք մեծամասնություն, եթե ֆորսմաժորներ տեղի չունենան, կարելի է համարել, որ ԵՏՄ-ին կմիանանք: Կրթական ոլորտում ի՞նչ է նախատեսվում Եվրասիական տնտեսական միությանը կրթական մակարդակում ինտեգրվելու առումով:


-Եվրասիական տնտեսական միությունն այս պահի դրությամբ չունի առանձին կրթական ունիկալ նախագիծ: Քանի որ աշխատաշուկային միտված կրթական ծառայությունների մատուցման հարցն արդիական է նաև ԵՏՄ անդամ երկրներում, հատկապես աշխատանքային միգրացիայի առկայության պարագայում, ամենակարևոր խնդիրը, որն այս պահի դրությամբ բարձրանում է, կրթության մասին վկայող պետական փաստաթղթերի՝ դիպլոմների և ատեստատների փոխադարձ ճանաչման խնդիրն է: Այս տեսակետից խնդիրը ունի նաև մեկ առանձին՝ երկկողմանի հարթություն, որտեղ Հայաստանը մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ունի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր, ԱՊՀ ձևաչափով նույնպես նման իրավական ակտ կա. փաստացի այսօր էլ Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը փոխադարձաբար ճանաչում են պետական նմուշի համապատասխան կրթական փաստաթղթերը: Նմանատիպ, բայց ավելի արագացված ճանաչված ռեժիմ ենթադրվում է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն իր հետագա զարգացումների մեջ չի կարող շրջանցել նաև ընդհանուր կրթական նախագծերը, որովհետև եթե մենք խոսում ենք ընդհանուր տնտեսության մասին, ապա ընդհանուր մոտեցումը ենթադրում է նաև ընդհանուր աշխատաշուկա: Իսկ ընդհանուր աշխատաշուկան առանց ընդհանուր կրթական նախագծի անհնար է պատկերացնել: Նախագծի, որը պետք է սպասարկի անդամ երկրների տնտեսական շահերը, նախևառաջ: Հիշեցնեմ, որ նույն Բոլոնիայի գործընթացը որպես այդպիսին հետևանք էր Եվրոպայում՝ ԵՄ անդամ երկրների շրջանակներում և, առհասարակ, Եվրոպայում միասնական տնտեսական տարածքի ստեղծման: Ակնհայտ է նաև, որ Հայաստան այս տարիների ընթացքում հսկայական առաջընթաց է ապրել իր ինստիտուցիոնալ բարեփոխումներով և հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտում եվրոպական կրթական տարածքի, մասնավորապես, եվրոպական բարձրագույն կրթական տարածքի, բաղկացուցիչ մասն ենք: Ավելին՝ 2012 թվականից Բոլոնիայի քարտուղար երկիրն ենք, ավելին՝ 2015-ին Երևանում հյուրընկալելու ենք եվրոպական կրթական բարձրագույն տարածքի նախարարական գագաթնաժողովը: Ես կարծում եմ՝ առաջին՝ ԵՏՄ-ն անխուսափելիորեն բերելու է նաև ընդհանուր կրթական նախագծերի: Եվ երկրորդ՝ նախագծերը խարսխված են լինելու, այդուհանդերձ, եվրոպական չափորոշիչների լավագույն փորձի վրա, որովհետև Ռուսաստանը և Ղազախստանը հանդիսանում են Բոլոնիայի անդամ երկրներ, իսկ Բելառուսը մեծ ցանկություն ունի դառնալու Բոլոնիայի գործընթացի անդամ: Մեր բոլոր նախագծերը և քայլերը պետք է միանշանակորեն տեղավորվեն այն կրթական տարածքի տրամաբանության մեջ, որի մաս է նաև Հայաստանը: Խոսքը եվրոպական կրթական տարածքի մասին է: Եվ պետք է հստակ ընդգծեմ, որ անհրաժեշտ է տարանջատել ԵՄ-ականը՝ եվրամիութենականը եվրոպականից, որովհետև Բոլոնիայի համաձայնագրի երկրներից 28 –ը ԵՄ անդամ են, իսկ 19-ը՝ ԵՄ անդամ չեն, բայց բոլորը միասին կազմում են եվրոպական կրթական տարածք: Ակնհայտ է նաև, որ մենք պատրաստ ենք, ինստիտուցիոնալ բարեփոխումներում մեր կուտակած փորձը կիսել մեր գործընկերների հետ՝ ԵՏՄ անդամ երկրների հետ: Օրինակ՝ Բելառուսի կողմից կա մեծ հետաքրքրություն, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում մեր իրականացրած քայլերի քաղաքականության հանդեպ: Այս տեսակետից ուզում եմ շեշտել, որ մենք նաև ունենք ունիկալ կրթական համակարգ այն առումով, որ այն 12-ամյա է: Եվ մենք , այս պահի դրությամբ, միակ ԵՏՄ անդամ երկիրն ենք դառնում, որ ունի նման համակարգ: Ռուսաստանը և Բելառուսն ունեն 11-ամյա հանրակրթական համակարգ, Ղազախստանը՝ նոր է պատրաստվում անցնել 12-ամյայի:


Մենք պատրաստ չենք նահանջելու մեր արդեն ունեցած նվաճումներից, բարեփոխումները, ապագա ԵՄ պրոյեկտները պետք է լինեն ընդհանուր կրթական նվաճումների և եվրոպական կրթական տարածքում մեր լինելուն չհակասող պրոյեկտներ: Էլ ավելի խորը ինտեգրացիա, էլ ավելի հեշտ ռեժիմ ՝ դիպլոմների ճանաչման, ես օրինակ՝ չեմ բացառում, կարելի է հանդես գալ ԵՏՄ-ի տարածքում ուսանողների փոխանակման ու մոբիլության նախաձեռնությամբ, դասախոսական կազմերի փոխանակման, միջբուհական համագործակցության նախագծեր կամ համատեղ կրթական ծրագրերի իրականացում: Կամ ԵՏՄ անդամ բուհերի ընդհանրական վարկանիշ:


-Սա հասկանալի է, այսուհանդերձ, կարելի՞ է Ձեր ասածից ենթադրել որ իրենք պետք է մեզ հարմարացնեն մեր կրթական համակարգը, օրինակ՝ եթե Ռուսաստանը կամ Բելառուսն ունեն 11-ամյա, հանրակրթություն , իրենք պետք է ինտեգրվեն-հարմարվեն մեզ:


-Նման խնդիր դրված չէ, որովհետև այսօր էլ մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց կրթական վկայականները: Մենք ճանաչում ենք Ռուսաստանի 11-ամյա վկայականը, Ռուսաստանը՝ մեր 12-ամյան։


-Այսինքն՝ հնարավոր է, որ թողնվի այնպես , ինչպես կա ու...


-Մենք հետ չենք գնալու: Մեզ համար 12-ամյա կրթական համակարգը որոշված համակարգ է, որին մենք տասներկու տարի է՝ գնում ենք:


-Մենք ունե՞նք այդքան անկախություն, որ դա անենք, որովհետև, օրինակ՝ շատ է խոսվում, որ….


-Կարծում եմ՝ անիմաստ է քաղաքականացնել կրթական ոլորտը: Մենք ունենք բավականաչափ անկախություն, որպեսզի այն ոլորտներում, որտեղ ունենք սեփական ազգային շահ, այդ շահը առաջ մղենք:


-Բայց ռուս պաշտոնյաներն էլ են ասում, որ...


-Ես չեմ մեկնաբանում ռուս պաշտոնյաների տարաբնույթ հայտարարությունները, հատկապես, եթե նրանց տրամաչափը չի համընկնում Հայաստանի կրթության նախարարի պաշտոնեական տրամաչափին:


-Նման հայտարարությունների հիմնական տրամաբանությունն այն էր, որ յուրաքանչյուր սուվերեն երկիր, հենց նույն Եվրամիության երկրների օրինակով, եթե մտնում է ինչ-որ կառույցի մեջ, ապա պետք է պատրաստ լինի իր սուվերենությունից որոշակի մաս …


-Միանշանակ է, որ վերազգային կառույցներում գոյություն ունեն սուվերենությունից որոշակի զիջումներ,և կրթության բնագավառում մենք պատրաստ ենք գնալ ընդհանրական այնպիսի պրոյեկտների, որտեղ կունենանք մեր սեփական շահն ու տեսակետը: Միանշանակ: Այս պահի դրությամբ, նորից պետք է կրկնեմ, որ ԵՏՄ շրջանակներում կրթությունում այս պահին միակ երևացող հարթությունը դիպլոմների ու պետական նմուշի կրթական փաստաթղթերի փոխադարձ հեշտացված ճանաչման ռեժիմն է: Նոր առաջարկներ պատրաստ է անել նաև Հայաստանը, և ո՛չ մեր գործընկերներն են մեր առաջ դնում կրթակարգ փոխելու խնդիր, ո՛չ մենք ենք նրանց առջև նման հարց դնում:


-Հնարավո՞ր է, որ ապագայում նման խնդիր լինի:


-Նման խնդիրներ չկան անգամ եվրոպական կրթական տարածքում: Եկե՛ք չաշխատացնենք Կիկոսի մահվան ֆենոմենը:


-Ամփոփելով՝ կարո՞ղ ենք ասել, որ այն, ինչ կա, մնում է. Բոլոնյան գործընթաց…


- 12-ամյա կրթություն, Բոլոնյան գործընթաց, եվրոպական կրթական տարածք. սրանք մեզ համար անբեկանելի, անշրջելի կրթական բարեփոխումներ են, իրողություն, որի հաջողություններով մենք պատրաստ ենք կիսվել նաև այլ երկրների հետ:


-Ւսկ ԵՄ անդամ երկրների հետ կրթական փոխանակման, որակավորման ծրագրերը պահպանվելո՞ւ են:


- Այո՛, իհարկե, և Հայաստանը շատ ակտիվ է եվրոպական կրթական տարածքում, շատ ակտիվ է նաև ԵՄ–ի հետ իր ունեցած կրթական նախագծերով: Հիշեցնենք, որ Հայաստանը անդամ է Erazmus plus, horizon 20/20 ծրագրերի: Կարծում եմ՝ կրթությունը հենց այն հարթական է, հատկապես Հայաստանի պարագայում, որտեղ հնարավոր է հետաքրքիր լինի նաև ԵՏՄ անդամ երկրների համար, որովհետև մենք շատ լավ ուսումնասիրել ենք և վերցրել ենք եվրոպական կրթական փորձը, որը, այնուհանդերձ, առաջադեմ է ու արդյունավետ, բայց, իհարկե, այն հարմարեցնում ենք մեր սեփական տնտեսական ու ազգային պահանջներին: Իսկ ԵՏՄ շրջանակներում Հայաստանը պատրաստ է հանդես գալ նախաձեռնություններով ՝ կրթության ոլորտում ընդհանուր կրթական պրոյեկտների, որոնք չպետք է հակասեն մեր արդեն որդեգրած կրթական շրջանակներին: Կարծում եմ՝ նման խնդիր չկա նաև Ռուսաստանում, և կրթական նախագծերն ու առաջարկությունները համադրելի կլինեն, բոլոր դեպքերում, ընդհանուր եվրոպական կրթական շրջանակի հետ:

- Դասագրքերի առումով ի՞նչ կասեք, հնարավո՞ր է, որ լինեն Բելառուսի, Ղազախստանի պատմության դասագրքեր Հայաստանի համար, և հակառակը: Եվ հնարավո՞ր է, որ ԵՏՄ չափորոշիչներ լինեն, մոտավորապես այնպես, ինչպես Խորհրդային միությունում։


-Հայաստանն ունի իր պետական-հանրակրթական չափորոշիչները, մենք ինքներս ենք որոշում մեր կրթության բովանդակությունը, ինչպես յուրաքանչյուր երկիր: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության ոլորտում ստանդարտներին, ապա եվրոպական կրթական համակարգը ստեղծել է այնպիսի մի հասկացություն, ինչպիսին է որակավորումների ազգային շրջանակը, որտեղ, ըստ համապատասխան մակարդակների, բնութագրվում է, թե տվյալ կրթական աստիճանի ավարտական փաստաթուղթ կամ որակավորում ունեցող անհատն ինչպիսի գիտելիքներ, հմտություններ, կարողություններ և արժեքային համակարգի պետք է տիրապետի:


Ինչ վերաբերում է «իրար մասին դասագրքեր ունենալուն, կարծում եմ՝ այստեղ մենք , միանշանակ, կշահեինք, եթե նման պրոյեկտ լինի, որովհետև, եթե ենթադրենք ՝ պատմության դասերի միջոցով լրացուցիչ տեղեկություններ լինեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասին, ապա Հայաստանի մասին նմանատիպ տեղեկություններ պետք է լինեն 140 միլիոնանոց Ռուսաստանում և տասմիլիոնանոց Ղազախստանի ու Բելառուսի դպրոցներում: Վատ կլինի՞, որ Հայոց ցեղասպանության մասին դաս լինի նման բազմամիլիոնանոց լսարանի համար: Այսինքն՝ մենք պատրաստ ենք քննարկելու կրթական նախաձեռնություններ, որոնք չեն հակասի Հայաստանի կրթական բարեփոխումների հիմնական ուղուն, ինչը թույլ կտա ԵՏՄ շրջանակներում ապահովել որակյալ կրթական ծառայություններ, փաստաթղերի հեշտացված ճանաչում, և այլն:


-Նման հարց քննարկվե՞լ է:


-Ուզում եմ հատուկ շեշտել՝ ԵՏՄ անդամ երկրների կրթության նախարարների ձևաչափում երբեք չենք հավաքվել այս հարցերի քննարկման համար: Նման ձևաչափ գոյություն չունի, եթե ունենա, և մենք սկսենք նման հարցեր քննարկել, ապա Հայաստանը շատ նախաձեռնողական կլինի, և մեր փորձը կարող է օգտակար լինել և կարծում եմ՝ հետաքրքիր կլինի մեր այլ գործընկերների համար: Նմանատիպ փորձ կուտակել են նաև իրենք և իրենց նախաձեռնություններն էլ, կարծում եմ, մեզ համար կարող են հետաքրքիր լինել: